Կրծքի ձգման համար նախատեսված նոր պրոցեդուրան խոստանում է երկարաժամկետ ազդեցություն, կարծես թե կրծկալը տեղադրված է կրծքի ներսում:

Կրծքերը ձգող նոր Orbix համակարգը մշակվել է բրիտանացի վիրաբույժ Ջիան Ֆարհադիի կողմից. Այն իրենից ներկայացնում է մի վիրահատություն, որի ընթացքում սիլիկոնե շերտեր են տեղադրվում հիվանդի կրծքի մաշկի եւ հյուսվածքի միջեւ, որը համապատասխանում է կրծկալի «բաժակներին»: Այդ շերտերը ամրացվում են մետաքսե թելերով, որոնք փոքրիկ տիտանե խարիսխներով ամրացվում են կրծքավանդակի մեջ, հաղորդում է Fox News-ը:

Իմպլանտների վերջնական ձեւը հիշեցնում է կրծկալի ուրվագիծ, որը բարձրացնում է կրծքի մաշկի տակ առկա հյուսվածքները:

Ֆարհադին ասել է, որ այս պրոցեդուրան կուրծքը ավելի երկար ժամանակով ձգած կպահի այն կանանց կուրծքը, որը սկսում է  կախ ընկնել տարիքային փոփոխությունների, կրծքով կերակրելու կամ քաշի կորստի դեպքում: Նա նշել է, որ կրծքի ձգման համար նախատեսված շատ վիրահատություններ, որոնք հեռացնում են  ավելցուկային մաշկը եւ հաստացումները, այնքան էլ երկարաժամկետ ազդեցություն չունեն:

«Նման վիրահատությունների ժամանակ կուրծքը հենվում է մաշկի վրա, բայց խնդիրն այն է, որ եթե մաշկը մի անգամ կախ է ընկել, ապա այն նորից ու նորից կկախվի»,-ասել է Ֆարհադին: «Կուրծքը ձգված պահելու համար կան նաեւ այլ մեթոդներ, ինչպիսիք են արհեստական մաշկ կամ ցանցեր ներդնելը, բայց դրանք այնքան էլ արդյունավետ չեն»:

Բացի այդ, Orbix համակարգը երաշխավորում է սպիների եւ վիրահատությունից հետո առաջացած հետքերի արագ բուժումը:

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Ֆարհադին կկատարի 10 հիվանդների վիրահատություն Լոնդոնի Սուրբ Գեւորգի հիվանդանոցում՝ որպես կլինիկական ընթացիկ փորձի մի մաս: Մինչ այժմ նա վիրահատել է երեք կնոջ, որոնք բոլորն էլ հաղորդել են դրական արդյունքների մասին: