Արդյոք գիտե՞ք, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ սոնոգրաֆիայով կարելի է հետազոտել անգամ ծայրամասային նյարդերը: Այսօր այս մեթոդն արդեն հասանելի է նաեւ Հայաստանում:

Զարգացած երկրներում ծայրամասային նյարդերի սոնոգրաֆիան սկսել է ակտիվորեն կիրառվել ընդամենը մի քանի տարի առաջ:

Այս տարվա հունիսին Վիեննայում անցկացվել է 1st Internetional Workshop for Nerve Sonography վարպետության դասը, որի ընթացքում գործող բժիշկները սովորում էին ծայրամասային նյարդերի ՈւՁՀ մեթոդը, իրենց գիտելիքներն ու փորձն էին փոխանցում, հետաքրքիր կլինիկական դեպքեր ներկայացնում: Բժիշկ Նառա Համբարձումյանը՝ երկրի այն քիչ մասնագետներից է, ով տիրապետում է ախտորոշման այս մեթոդին, եւ նրանց թվում էր:

Ի՞նչ է ծայրամասային նյարդերի սոնոգրաֆիան եւ ո՞ր պաթոլոգիաների ժամանակ է օգտագործվում: Այս հարցերը փորձեցինք պարզել «Աստղիկ» ԲԿ ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ  Նառա Համբարձումյանի հետ:

Մասնագետը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ ծայրամասային նեւրոպատիայի խնդիրը ծանոթ է շատ հիվանդների: Ծայրամասային նյարդերի վնասվածքը զգալիորեն ազդում է մարդու կյանքի որակի վրա եւ այսօրվա դրությամբ կազմում է նյարդային համակարգի բոլոր պաթոլոգիաների մոտ 30 տոկոսը: Մարդու վերջույթներում մեկ կամ մի քանի ծայրամասային նյարդերի վնասումը կարող է տարբեր աստիճանի ծանրության զգայունության խախտումներ առաջացնել, ինչպիսին է ծակծկոցի զգացողությունը, ցավը, մկանային թուլությունը, որոշ բարձիթողի դեպքերում՝ անգամ մկանային ատրոֆիան:

Էլեկտրաֆիզիոլոգիական մեթոդները, ինչպիսին է էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ), մշտապես համարվել են ծայրամասային նյարդային համակարգի վիճակի գնահատման եւ նեւրոպատիաների ախտորոշման ոսկե ստանդարտ: Սակայն հարկ է նշել, որ այս հետազոտությունների ընթացքում ստացված տեղեկությունները պատկերացում չեն տալիս շրջակա հյուսվածքների մասին, չեն նշում նյարդային ցողունի վնասման բնույթն ու պատճառը եւ միշտ չէ, որ հստակ արտացոլում են փոփոխությունների տեղայնացումը: Միեւնույն ժամանակ, հենց այս տեղեկություններն են օգնում որոշել կոնսերվատիվ կամ վիրահատական բուժման մարտավարությունը:

Նյարդը կարող է տեսնել եւ վնասման պատճառը պարզել ՄՌՏ-ն (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան), սակայն հետազոտման այս մեթոդը բարդ սարքավորում է պահանջում, որը համեմատաբար թանկարժեք է, ավելի երկար է տեւում, բացի այդ՝ այն անհնար է անցկացնել օրգանիզմում մետաղի առկայության դեպքում: ՄՌՏ օգտագործումը բավականին խնդրահարույց է նաեւ հիվանդի վիճակին դինամիկ հետեւելու դեպքում:

Ծայրամասային նյարդերի ուլտրաձայնային հետազոտությունը ախտորոշման համեմատաբար նոր մեթոդ է: Նորագույն  տեխնոլոգիաների երեւան գալով, որոնք նպաստում են ախտորոշման նոր մակարդակի հասնելուն (փորձագիտական դասի ՈւՁ սարքեր եւ համապատասխան բարձրճշգրտության հաղորդիչներ), ուլտրաձայնային հետազոտությունը սկսել է հաջողությամբ կիրառվել նեւրոպատիայի ախտորոշման համար:

Սոնոգրաֆիայով ծայրամասային նյարդերի հետազոտության ժամանակ կարելի է տեսանելի դարձնել ոչ միայն նյարդերը, այլեւ ուղիների նեղացումը, որոնցով դրանք անցնում են, ռեգիոնար փափուկ հյուսվածքների այտուցները, հետվնասվածքային փոփոխությունները, հնարավոր է գնահատել թունելային համախտանիշի հետ կապված նեւրոպատիաները եւ նեւրոպատիա առաջացնող այլ պատճառները:

ՈւՁ մեթոդի օգտագործման մեկնարկից ակնհայտ դարձան դրա առավելությունները ախտորոշման այլ մեթոդների համեմատությամբ: Դրանք են՝ անվտանգությունը եւ անվնաս լինելը, հետազոտության բազմակի դինամիկ անցկացման հնարավորությունը, խնայողությունը եւ հետազոտության համեմատաբար արագ կատարումը: Բացառված չէ, որ մոտ ապագայում որպես ծայրամասային նյարդերի մեթոդ հենց սոնոգրաֆիան կդառնա նեւրոպատիայի ախտորոշման ոսկե ստանդարտը: