Հետազոտողների խումբն առանձին հիվանդների բջիջների օրինակով «քաղցկեղային ավատարներ» է ստեղծել: Նման մոդելավորումը հստակ նշել է, թե ինչպիսի դեղամիջոցները կարող են ավելի արդյունավետ պայքարել քաղցկեղային բջիջների դեմ: Նման մոտեցումը բժիշկներին ոչ միայն կօգնի հաջողությամբ պայքարել քաղցկեղի դեմ, այլեւ հիվանդներին կազատի բուժման անօգուտ կուրս անցնելուց, որն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ:

Համակարգչային մոդելավորման նպատակն է՝ ավելի հստակ կանխատեսել, թե այս կամ այն քաղցկեղային բջիջներն ինչպես կարձագանքեն դեղամիջոցներին: «Գենոմիկան մեզ ասում է, որ քաղցկեղային հիվանդություններն ինչ-որ առումով նման են ձնագնդի: Ոչ մի քաղցկեղ նման չէ մյուսին, այնպես որ իմաստ չունի բոլոր հիվանդներին նույն դեղամիջոցները տալ»,- ասել է հետազոտության հեղինակ Սանդիփ Պինգլը:

Քաղցկեղային բջիջի ավատարը մշակելուց առաջ հետազոտողները նախ առողջ բջիջի ավատար են ստեղծել: Հետազոտողները կարողացել են կատարելագործել բջիջի բարդ ազդանշանային ուղիներն ու նյութափոխանակության ցանցերը, եւ երբ կատարելագործել են վիրտուալ առողջ բջիջները, դրանք քաղցկեղայինի են վերածել՝ համակարգում մի քանի ուղի փոխելով: Երբ քաղցկեղի ավատարն ավարտին է հասցվել, համակարգչային ծրագիրը կանխատեսումներ է արել, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ ոչնչացնել հիվանդ բջիջները:

Քաղցկեղի ավատարի հավաստիությունը ստուգելու համար հետազոտողները հավաքել են ուղեղի քաղցկեղի ամենից ագրեսիվ տեսակով՝ գլիոբլաստոմայով հիվանդներին: Այնուհետեւ գեներացրել են հիվանդների բջիջներից ստացված քաղցկեղի ավատարները: Դեղամիջոցների հանդեպ զգայունության վերաբերյալ այս ծրագրի շրջանակում արված կանխատեսումները համեմատել են ստանդարտ փորձի արդյունքների հետ: Medical Daily-ն, հղում կատարելով Genetic Engineering & Biotechnology News-ին, փոխանցում է, որ մոդելի կանխատեսման ճշգրտությունը կազմել է 85 տոկոս: