Հայաստանում օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության մակարդակը բավական բարձր է եւ չի զիջում միջազգային մակարդակին, համարում է «Ածխահատների առողջության պահպանության գիտակլինիկական կենտրոնի» տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Աղաջանյանը։ Սակայն, ինչպես նա նշեց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, առողջապահության կազմակերպումը Հայաստանում որոշակիորեն տարբերվում է այլ երկրներից։
«Հայաստանում առավել հասանելի բժշկության զարգացման պոտենցիալ կա՝ թե ֆինանսական առումով, թե բժիշկների եւ հիվանդանոցների քանակի առումով», - ասաց նա։
Վահրամ Աղաջանյանի կարծիքով, Հայաստանում բժիշկներն իրենց պրոֆեսիոնալիզմով չեն զիջում զարգացած երկրների բժիշկներին։ «Բժշկությունը շատ պահպանողական գիտություն է եւ բավական դանդաղ է զարգանում, այնպես որ մասնագետները հասցնում են շփվել միմյանց հետ եւ ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին», - ասաց նա։
Վահրամ Աղաջանյանը Հայաստան է ժամանել՝ այստեղ կազմակերպված վնասվածքաբանների եւ օրթապեդների VI համագումարին մասնակցելու համար։ Ըստ նրա՝ նման համագումարները շատ կարեւոր են երիտասարդ օրթոպեդների եւ վնասվածքաբանների համար, քանի որ հնարավորություն են տալիս փորձով փոխանակվել եւ կատարելագործվել։
Ի դեպ, Սպիտակի երկրաշարժից հետո պրոֆեսոր Աղաջանյանը իր թիմի հետ միասին Հայաստան էր եկել եւ մեկ ամիս շարունակ օգնում էր երկրաշարժից տուժածներին։






