Իսպանացի վիրաբույժների վիրահատական սեղանին էր հայտնվել մի կին, ով  որովայնի  ահռելի   ուռուցքային գոյացություն ուներ՝ 17սմ երկարությամբ  ու  25կգ քաշով: Ուռուցքն ամրացած էր  47-ամյա կնոջ արգանդին:

Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հիվանդանոցի բաժնի վարիչ բժիշկ Էդուարդո Կարսոլան խոստովանեց, որ իր 20-ամյա աշխատանքային փորձի ընթացքում նրան չի վիճակվել  նման դեպքի հետ առնչվել, քանի որ գինեկոլոգիական ուռուցքները հազվադեպ են նման չափի լինում: Ինչպես հայտարարեցին բժիշկները, գիտական բժշկական գրականության մեջ նկարագրված են  ընդամենը հինգ այսպիսի դեպք:

Իսպանիայի բնակչուհին  քաշի ավելացման եւ որովայնի շրջանի ցավերի կապակցությամբ թերապեւտի մոտ զննում անցնելուց հետո՝  ուղեգրվել էր վիրաբույժների մոտ: 25 կգ քաշ ունեցող ուռուցքն այնքան մեծ էր, որ խնդիրներ էր առաջացրել աղիների, շնչառության հետ, նաեւ առաջացնում էր դիսկոմֆորտ քայլելու ժամանակ եւ քնի հետ խանգարումներ:

Մի շարք թեստերի իրականացումից հետո բժիշկները բացահայտել են, որ  այդ ահռելի ուռուցքն իրենից ներկայացնում է կիստոզ գոյացություն, որի երկարությունը հասնում էր մինչեւ 41սմ: Այն ձգվում էր ցայլոսկրից մինչեւ կրծոսկր:

Վիրաբուժական միջամտության ժամանակ վիրաբույժները հաջողությամբ կարողացան հեռացնել հսկայական նորագոյացությունը, ինչպես նաեւ արգանդը, ձվարանները եւ ֆալոպյան փողերը: Բրիտանական  Mail Online-ի տվյալներով, հիվանդն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ապաքինվել է: