Հայաստանի նյարդաբանների ասոցացիան սեպտեմբերի 28-30-ը Երևանի ՙRadisson Blu՚ հյուրանոցում կազմակերպում է ՙBRAIN 2018՚ միջազգային  գիտաժողովը՝  նվիրված     նյարդաբանության  և նյարդավիրաբուժության ակտուալ հարցերին:

Նմանատիպ ծավալի և ընդգրկուն գիտաժողով՝ աշխարհի լավագույն կլինիկաներում աշխատող շուրջ 15 առաջատար նյարդաբանների և նյարդավիրաբույժների        միջազգային մասնակցությամբ,  Երևանում   անցկացվում է  առաջին  անգամ:      Մասնակիցների    ցանկում են   ոլորտի  առաջատարներ ԱՄՆ-ից, Կանադայից,  Շվեդիայից,  Գերմանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Գիտաժողովի ընթացքում մանրամասնորեն կներկայացվեն գլխուղեղանոթային (ինսուլտներ), նյարդամկանային, նյարդավիրաբուժական, նյարդաուռուցքաբանական, մանկական նյարդաբանական հիվանդությունների, ինչպես նաև էպիլեպսիայի և ծայրամասային նեյրոպաթիաների կանխարգելման, ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումները, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում: Կարևորագույն դեր է հատկացվել նյարդաբանությունում ապացուցողական բժշկության գործիքակազմի և կլինիկական աշխատանքում նրա ինտեգրացիայի հիմնահարցերին: Մանրամասնորեն կլուսաբանվեն     ապացուցողական    բժշկության  ժամանակակից մոտեցումները նյարդաբանությունում:

 Համաձայն ծրագրի, գիտաժողովի ներկայացուցչական մասից հետո, նախատեսվում են առաջատար մասնագետների կողմից մայրաքաղաքի խոշորագույն հիվանդանոցներում կոնսուլտատիվ համայցեր՝ պացիենտի մահճակալի մոտ քննարկումների և վերլուծությունների իրականացմամբ:

Նախատեսվում է այս տարի անցկացվող ՙBRAIN 2018՚ միջազգային գիտաժողովը դարձնել ամենամյա՝  էլ ավելի ընդլայնելով միջազգային մասնակիցների աշխարհագրությունը: