Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում սեպտեմբերի 27–ին տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Բացմանը ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության, հանրապետության առողջապահական համակարգի եւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր եւ ՀԱՆ-ի բարերարներ:

Կենտրոնում գործող վիրահատարանը եւ ակնային զննման բաժանմունքը հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ մատուցել մարզի բնակչությանը։

Կենտրոնում վիրահատություններն իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) յոթ անգամ այցելել են մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 35,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 7,000 անձ՝ խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, իրականացվել է շուրջ 3600 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 8800 բնակիչ ակնոց է ստացել:

Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայկական ակնաբուժության նախագծի երկարամյա բարեկամ եւ հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։  Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվեցին մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի ջանքերի շնորհիվ:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները փոխարինում են ԱՇՀ-ին՝ ողջ տարվա ընթացքում բարեգործական հիմունքներով անվճար բուժելով սոցիալապես անապահով բնակչությանը, ինչպես նաև տրամադրում են վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին՝ ապահովելով բժշկական կենտրոնի ինքնահարատությունը: Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում, Կապանի կենտրոնը՝ 2017թ.-ին՝ Կապանում։ 2015թ.-ից մինչև 2018թ. առաջին եռամսյակ Իջևանի, Սպիտակի և Կապանի մարզային ակնաբուժական կենտրոններում շուրջ 4.000 հոգի ակնային զննում է անցել, որից 1.630-ը վերականգնել է տեսողությունը վիրահատվության կամ լազերային բուժման շնորհիվ: