«Նորք-Մարաշ» ԲԿ-ն մի քանի տասնամյակ շարունակ եղել է սրտաբանների եւ սրտային վիրաբույժների դարբնոց:Այժմ բժշկական կենտրոնը պետք է նոր մակարդակի հասնի, եւ Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանը պատրաստ է այդ հարցում ամեն կերպ աջակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, նշվում է Սրտի համաշխարհային օրը, ինչի կապակցությամբ Արմեն Մուրադյանն այցելել էր «Նորք-Մարաշ» ԲԿ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի եւ հայտնի պրոֆեսորների ուղեկցությամբ, որոնցից շատերը ժամանակին դասավանդել են այսօր կենտրոնում աշխատող բժիշկներին, իսկ մի մասն անգամ այստեղ վիրահատվել է այստեղ:
Բժշկական կենտրոնի նոր տնօրեն Միքայել Ադամյանը հյուրերին ցույց տվեց բժշկական կենտրոնը`իր սարքավորումներով եւ հնարավորություններով, ներկայացրեց բժիշկներին եւ ռեզիդենտներին:
Ժամանակին հենց այս ԲԿ-ն հայտնի բժիշկ Հրայր Հովակիմյանի ջանքներով սկզիբ դրեց Հայաստանում սրտաբանությանը եւ սրտի վիրաբուժությանը: Մինչ այսօր էլ այստեղ յուրահատուկ վիրահատություններ են անցկացվում, այդ թվում բնածին սրտի արատներով նորածինների շրջանում: Երբեմն երեխաներին վիրահատում են կյանքի հենց առաջին օրը. դրանք շատ բարդ վիրահատություններ են, որոնք լուրջ գիտելիքներ եւ փորձ են պահանջում:
Միքայել Ադամյանը լրագրողներին պատմեց, որ անցյալ տարի կենտրոնում հայտնվել է նոր սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է իրականացնել աբլյացիա (սրտի ռիթմի խանգարումների վիրաբուժական բուժման մեթոդ) առանց ռենտգենյան ճառագայթների օգտագործման: Այսպիսով, առիթմիայի բուժման համար վիրահատությունները կարելի է իրականացնել նույնիսկ երեխաների եւ հղի կանանց, ինչպես նաեւ բոլոր մյուս հիվանդների դեպքում, որոնց ինչ-ինչ պատճառներով ռենտգենը հակացուցված է:
Խոսելով բժշկական կենտրոնի զարգացման հետագա ծրագրերի մասին, Միքայել Ադամյանը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքապետարանի, առողջապահության նախարարության, բժշկական համալսարանի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը:
Ծրագրեր կան նաեւ ԲԿ-ն գիտահետազոտական կենտրոն վերածելու, որտեղ հիվանդի բուժումը գիտության եւ հետազոտությունների հետ համընթաց կանցկացվի: Միքայել Ադամյանի խոսքով, դա կնպաստի ոչ միայն կենտրոնի զարգացմանը, այլեւ ամբողջ սրտաբանության եւ սրտի վիրաբուժության զարգացմանը:Ինչպես իր հերթին նշեց ռեկտոր Արմեն Մուրադյանը, բժշկական համալսարանի եւ «Նորք-Մարաշի» միջեւ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք նոր համատեղ ծրագրերի մասին, այդ թվում, նոր մասնագետների վերապատրաստման՝ միջազգային չափանիշներին եւ պահանջներին համապատասխան:
«Ես վստահ եմ, որ մեր սրտերը ամուր եւ հուսալի ձեռքերում են», - ասաց Արմեն Մուրադյանը:






