ՄԻԱՎ-ով հիվանդների ստիգմատիզացիան բարդացնում է նրանց հետ աշխատանքը եւ խանգարում կանխման, ախտորոշման եւ բուժման արդյունավետ միջոցներ կիրառել։ Այս մասին NEWS.am Medicine-ի լրագրողի հետ զրույցում ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փորձագետ, «ՄԻԱՎորենք ջանքերը» համաժողովի համակարգող Հովհաննես Մադոյանը։

Խնդիրն այն է, որ եթե մարդը տեսնում է, որ հասարակությունը բացասաբար է վերաբերվում ՄԻԱՎ-ով մարդկանց, նա վախենում է թեսթավորում անցնել՝ նրան թվում է, որ եթե իր մոտ հանկարծ ՄԻԱՎ հայտնաբերվի, բոլորը կիմանան այդ մասին, եւ հասարակությունը երես կթեքի իրենից։ Արդյունքում մարդը չի իմանա իր կարգավիճակը, եւ եթե նա իրոք վարակված է, բուժում չի ստանա։ Դա լուրջ խնդիր է ոչ միայն իր, այլեւ ամբողջ հասարակության համար, քանի որ ինքը, չիմանալով իր կարգավիճակը եւ բուժում չստանալով, կարող է ուրիշներին վարակել։Երեւանում հոկտեմբերի 2-ին անցկացվող «ՄԻԱՎորենք ջանքերը» համաժողովը նվիրված է ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի ոլորտում կարծրատիպին եւ խտրականությանը։ Հայաստանում ՄԻԱՎ վարակը դեռեւս ստիգմատիզացվում է՝ նշեց Մադոյանը։

Ավելին, կարծրատիպային են դառնում ռիսկային խմբի մեջ գտնվող մարդիկ՝ թմրանյութեր օգտագործողները, կոմերցիոն սեքսի ինդուստրիայում ներգրավված կանայք, ինչպես նաեւ՝ տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում տղամարդկանց հետ։ Սակայն նշենք, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեծամասնությունն այդ խմբերին չի պատկանում։ Դրանք հետերոսեքսուալ տղամարդիկ են՝ աշխատանքային միգրանտները, ովքեր վարակվում են այլ երկրներում, առավել հաճախ՝ Ռուսաստանում։

Համաժողովին մասնակցում են պետական կառույցների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մադոյանը նշեց, որ բոլոր մասնակիցների նպատակն այն է, որ քննարկեն եւ հասկանան, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրը Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ստիգմատիզացիայի դեմ պայքարում։ Ըստ փորձագետների՝ այդ մարդկանց հանդեպ առավել ադեկվատ վերաբերմունքը կմեծացնի երկրում ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը եւ իրավիճակը դեպի լավը կփոխի։

Նշենք, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների մոտ կեսը միայն գիտի իր կարգավիճակի մասին։ Սրա պատճառը ոչ միայն ստիգմատիզացիան է (մարդիկ վախենում են ստուգվել վերը նշված պատճառով), այլեւ գրագետ տեղեկատվության բացակայությունը՝ շատերը սխալ են գնահատում իրենց վարքը, չեն հասկանում՝ ինչպես եւ երբ են իրենք վարակվել, հետեւաբար, չեն հասկանում թեսթավորման անհրաժեշտությունը։