Դեռեւս 2014 թվականին UNAIDS-ը խնդիր էր դրել 2030 թվականին կանգնեցնել ՄԻԱՎ համաճարակը. այս նպատակով աշխարհի երկրները 2020 թվականին պետք է հասնեն «90-90-90» թիրախին՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90 տոկոսը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանցից 90 տոկոսը պետք է հակառետրովիրուսային բուժում ստանա, որոնից 90 տոկոսը պետք է հասնի անորոշելի վիրուսային բեռնվածության:
Որոշ երկրներ արդեն հասել են «90-90-90» թիրախին, մյուսները մոտ են հասնելուն, սակայն Հայաստանը չի դասվում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Մեր երկրում վիճակն ամենից լավ է վերջին «90»-ի դեպքում, ամենից վատ՝ առաջին, NEWS.am Medicine-ին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ Հովհաննես Մադոյանը:
AIDS (JAIDS) ամսագրում հրապարակված նոր հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով մարդկանց միայն 48 տոկոսն է տեղյակ իր կարգավիճակին: Նրանցից 55 տոկոսը ստանում է հակառետրովիրուսային բուժում եւ վերջիններից 68 տոկոսի մոտ վիրուսային բեռնվածությունն անորոշելի է: Մինչդեռ ՁԻԱՀ-ի կանխարգելման հայկական կենտրոնի տեղեկություններով՝ 2017 թվականի վերջի տվյալներով հիվանդների մոտ 67 տոկոսը (Հայաստանում հաշվվում է ՄԻԱՎ-ով 3700 մարդ) գիտի իր կարգավիճակի մասին, նրանցից 67 տոկոսը բուժում է ստանում եւ վերջիններից 85 տոկոսի մոտ անորոշելի վիրուսային բեռնվածություն է:
Ինչպես նշեց Հովհաննես Մադոյանը, բոլոր տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով մարդկանց գրեթե կեսը դեռեւս անտեղյակ է, որ վարակված է: Իրավիճակը փոխելու եւ ՄԻԱՎ ինֆեկցիայի հայտնաբերելիությունը մեծացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել ստիգման եւ երկրում ՄԻԱՎ-ով մարդկանց խտրականությունը, քանի որ հենց ստիգման է «90-90-90» թիրախին հասնելու ճանապարհի առաջին «արգելակը»: Եթե մարդիկ չվախենան հանրության կողմից բացասական վերաբերմունքից, նրանք ավելի մեծ պատրաստակամությամբ կանցնեն ՄԻԱՎ ինֆեկցիայի թեստավորումը:
Անհրաժեշտ է նաեւ բարելավել առողջապահության համակարգի աշխատանքը: Օրինակ՝ որոշ հիվանդությունների դեպքում (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, տուբերկուլյոզ եւ շատ այլ հիվանդություններ) խորհուրդ է տրվում հիվանդներին նաեւ ՄԻԱՎ ինֆեկցիայի թեստավորում առաջարկել, սակայն ոչ բոլոր մասնագետներն են դա անում: Տուբերկուլյոզով բոլոր հիվանդները գործնականում նաեւ ՄԻԱՎ-ի ստուգում են անցնում, սա, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում լավ է կազմակերպված: Լավ մակարդակում է նաեւ հղի կանանց թեստավորումը. հղիների 95 տոկոսից ավելի ՄԻԱՎ ինֆեկցիայի ստուգում է անցնում, ինչի շնորհիվ Հայաստանում հաջողվել է վերացնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Սակայն սեռական ինֆեկցիաներով քիչ հիվանդների են առաջարկում ՄԻԱՎ թեստավորում անցնել, եւ սա, փորձագետների կարծիքով, խնդիր է:
Հովհաննես Մադոյանի կարծիքով՝ եթե ստիգման հաղթահարվի եւ առողջապահության համակարգի աշխատանքը բարելավվի, Հայաստանը կմոտենա առաջին «90»-ին հասնելուն: Իսկ եթե ՄԻԱՎ ինֆեկցիայով մարդկանց մեծամասնությունն իմանա իր կարգավիճակի մասին, նրանց բուժման կազմակերպումն ու այն հնարավորինս արդյունավետ դարձնելը ավելի հեշտ կլինի, կարծում են փորձագետներից շատերը:






