Էրոտիկ նկարներ նայելուց հետո մարդու ուղեղի ակտիվությամբ կարելի է որոշել, թե քանի սեռական զուգընկեր է նա ունեցել վերջին շրջանում, ցույց է տվել Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի (UCLA) հետազոտությունը։

«Եթե ուղեղը անգամ անմեղ նկարներին շատ ուժեղ է պատասխանում,  ապա, կարելի է ասել, որ տվյալ մարդը հեշտ է գայթակղվում իրական կյանքում։ Շատ ցայտուն էրոտիկ բնույթի նկարներին բոլոր մարդիկ, այսպես թե այնպես արձագանքում են։ Միայն թույլ ակնարկներով պատկերները կարող են ցույց տալ տարբերությունը», - ասել է UCLA-ի հոգեբուժության ամբիոնի գիտաշխատակից Նիկոլ Փրոուզը, հաղորդում է the Medical Daily-ին։

Փրոուզը եւ իր գործընկերները իրենց հետազոտության համար հավաքել են 18-40 տարեկան 40 տղամարդ ու 22 կին։ Բոլոր մասնակիցները պետք է պատասխանեին այն հարցին, թե քանի զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ են սեռական հարաբերություններ ունեցել վերջին 12 ամիսների ընթացքում։  Այնուհետեւ նրանց ցույց են տվել 225 նկար, որոնք եղել են ոչ էրոտիկ, հաճելի (օրինակ, օդապարիկով ցատկելը), չեզոք (օրինակ, դիմանկար) եւ էրոտիկ նկարներ (տարբեր մակարդակի բաց տեսարաններով)։

Հետազոտողների խումբը օգտագործել է էլեկտրոէնցեֆալոգրաֆ՝ նկարները նայելիս մասնակիցների ուղեղի էլէկտրական ակտիվությունը չափելու համար։ Նկարների մի մասը ոչ մի առնչություն չի ունեցել սեքսի հետ, մյուսը՝ որոշ ռոմանտիկ ակնարկներ է պարունակել, իսկ մեկ այլ մասը՝ պոռնոգրաֆիկ նկարներ են եղել։ Սեռական շատ զուգընկերներ ունեցած մասնակիցները տարբեր սեքսուալ նկարների նույն դրական պոտենցիալն են ցույց տվել։

«Այս մեթոդը օգնում է մեզ հասկանալ, թե ինչու են մարդիկ միշտ նոր զուգընկեր կամ զուգընկերուհի փնտրում»,-ասել է Փրոուզը։ «Օրինակ, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ մարդիկ նոր զուգընկեր կամ զուգընկերուհի են փնտրում՝ իրենց սեքուալ պատկերացումները իրագործելու համար. դրանք այն պատկերացումներն են, որոնք նրանք չեն իրականացնում  իրենց կանոնավոր եւ մշտական զուգընկերների հետ։