Աշխարհի 44 երկրներում թե՛ բժիշկները, թե՛ հիվանդները ձվարանների քաղցկեղի մասին անբավարար տեղեկություններ ունեն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքների մասին հայտնում է International Agency for Research on Cancer (IARC) կայքը:

Ձվարանների քաղցկեղի համաշխարհային կոալիցիայից (World Ovarian Cancer Coalition) հեղինակները հարցում են անցկացրել 1531 կանանց շրջանում, որոնց մոտ ձվարանների քաղցկեղ էր ախտորոշվել: Պարզվել է, որ մինչեւ ախտորոշումը նրանց երկու երրորդն ընդհանրապես չի իմացել ձվարանների քաղցկեղի գոյության մասին կամ հիվանդության մասին լսել է, բայց դրա մասին ոչ մի բան չի իմացել: Ըստ բրազիլական վիճակագրության՝ կանանց 86 տոկոսը հիվանդության մասին շատ քիչ բան գիտի կամ ոչ մի բան չգիտի:

Ավելին՝ հարցումները ցույց են տվել, որ խնդրի մասին նրանց բժիշկների գիտելիքները նույնպես անբավարար էին: Հիվանդներից շատերի դեպքում ախտորոշման հաստատումը երկար է տեւել, եւ նրանց տեւական ժամանակ չեն ուղարկել անհրաժեշտ մասնագետի մոտ:

Հետազոտության դիզայնի հեղինակ Ֆրենսիս Ռեյդը նշել է, որ հարցմանը մասնակցած երիտասարդ կանայք հիվանդության մասին ավելին գիտեն: Սա վկայում է, որ ստացած արդյունքները համեմատաբար լավատեսական պատկեր են արտացոլում, իսկ ավելի մեծ տարիքի հիվանդների դեպքում իրավիճակը կարող է շատ ավելի վատթար լինել:

Ձվարանների քաղցկեղի զարգացման սկզբում ախտանշանները կարող են ընդհանուր բնույթ ունենալ, օրինակ՝ փորի փքվածություն, ուտելիքի չմարսում, սրտխառնոց, փորի անորոշ ցավ, թուլություն: Ախտանշանները հայտնվելուց հետո մեկ ամսվա ընթացքում բժշկական օգնության է դիմել հարցմանը մասնակցած կանանց կեսից քիչը: Վեց կանանցից մեկը ոչ մի բան չի ձեռնարկել կես տարի:

Առաջին ախտանշաններից մինչեւ ախտորոշումը միջին ժամկետը կազմել է 31 շաբաթ, ավելի հարուստ երկրներում՝ 2 շաբաթ պակաս: Հետազոտության հեղինակների խոսքով՝ ոչ մի երկրում հիվանդությունը բավականաչափ վաղ չի ախտորոշվել:

Հիվանդության վաղ փուլերում հիվանդությունը հաջողությամբ է բուժվում: Սակայն կանանց 57 տոկոսի ախտորոշումը կատարվել էր քաղցկեղի 3-րդ կամ 4-րդ փուլերում: