Նոբելյան մրցանակ ստանալու բանալին բավականին պարզ է, պնդում է քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Բերնարդ Ֆերինգան. անհրաժեշտ է սեփական տաղանդը զարգացնել, հետեւել քո երազանքին եւ, իհարկե, շատ աշխատել:

Ճիշտ է, Նոբելյան մրցանակ ստանալը գիտնականի ամբողջ կյանքը լիովին փոխում է, իր հերթին նշեց Ֆրեյզեր Ստոդդարտը: Նրա խոսքով՝ մրցանակը ստանալուց հետո ինքը ստիպված է աշխարհում շատ ճանապարհորդել, եւ ընտանիքին ու մտերիմներին գրեթե չի տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստանից հետո պետք է այցելի Հարավային Աֆրիկա, Իտալիա, Բրազիլիա եւ Ֆրանսիա:

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Բերնարդ Ֆերինգան եւ Ֆրեյզեր Ստոդդարտը այցելեցին Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան, որտեղ հանդես եկան քիմիայի վերաբերյալ նոբելյան դասախոսությամբ: Բերնարդ Ֆերինգային եւ Ֆրեյզեր Ստոդդարտին նաեւ շնորհվեց Երեւանի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Նրանք մասնակցեցին «Բժշկական հաստատությունների կառավարման» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու հանդիսավոր միջոցառմանը:

Ի տարբերություն գործընկերոջ, որը մի քանի տարի առաջ արդեն այցելել էր Հայաստան, Ֆրեյզեր Ստոդդարտն առաջին անգամ էր այցելում: Հայ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրեն շատ են դուր գալիս հայկական ուտելիքները, դուր է գալիս նաեւ, որ ամեն անգամ սնունդ ընդունելիս սեղանին մշտապես նաեւ միրգ կա:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Բերնարդ Ֆերինգան եւ Ֆրեյզեր Ստոդդարտը Ժան Պիեռ Սովաժի հետ արժանացել են քիմիայի Նոբելյան մրցանակին «մոլեկուլյար շղթաների նախագծման եւ սինթեզի» համար: Այս մշակումն է դրված նաեւ Noble կոսմետիկայի նոր anti-age-ի հիմքում, որը ստեղծել է PanaceaNano հետազոտական ընկերությունը, որի հիմնադիրն ու  գիտական ղեկավարն է Ֆրեյզեր Ստոդդարտը: