Երեւանում հոկտեմբերի 26-ին մեկնարկած 17-րդ միջազգային մասնագիտացված «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2018» ցուցահանդեսին մասնակցում են մեծ թվով դեղագործական ընկերություններ եւ բժշկական սարքավորումներ արտադրողներ՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական: Այստեղ ներկայացված են նաեւ Հայաստանի մի քանի բժշկական կենտրոններ եւ օրթոպեդիկ ու ատամնաբուժական սարքավորումներ արտադրողներ:
Բժշկության ոլորտում չաշխատող մարդիկ նույնպես դիտելու բան կգտնեն. ցուցահանդեսի տարածքում կան նաեւ կոսմետիկա արտադրողների եւ ներմուծողների ստենդներ, սառը մզվածքի եւ բնական մեղրի բազային յուղեր՝ «անտառային» եւ «լեռնային»:
Ցուցահանդեսը համարվում է Հայաստանի առողջապահության ոլորտում խոշորագույն միջոցառումներից մեկը: Այս տարի մասնակցում են բժշկական ինդուստրիայի ավելի քան 80 ընկերություններ Հայաստանի տարբեր մարզերից եւ արտասահմանյան ընկերություններ, որոնք կցուցադրեն բուժհաստատությունները զինելու բժշկական սարքավորումների եւ տեխնոլոգիաների լայն սպեկտր, դեղագործության ոլորտում նորագույն ձեռքբերումները, սարքեր, ապարատներ եւ տարբեր նշանակության դեղամիջոցներ, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման մեթոդներ:
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսված են կլոր սեղաններ, սեմինարներ, շնորհանդեսներ, որոնք ուղղված են բժշկական ոլորտում խնդիրների եւ հարցերի քննարկմանն ու լուծմանը: Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով՝ այստեղ գործընկերներ գտնելու, ընկերությունների միջեւ նոր փոխշահավետ համագործակցություն սկզբնավորելու շատ հնարավորություններ կլինեն:
Ցուցահանդեսը կփակվի հոկտեմբերի 28-ին, 16:00-ին:

























