Օնկոլոգիական հիվանդություններով հիվանդները ստիպված են լինում այցելել տարբեր լաբորատորիաներ ու կլինիկաներ. Նրանք ինչ-որ տեղ անալիզներ են հանձնում եւ հետազոտվում են, ինչ-որ տեղ նրանց վիրահատում են, իսկ ճառագայթային թերապիայի կամ քիմիաթերապիայի համար, օրինակ, ստիպված են լինում արդեն այլ կենտրոններ այցելել։

Օնկոլոգիական հիվանդությունների դեպքում դա նորմալ է. դրանց բուժմանը պետք է իսկապես շատ տարբեր մասնագետեր մասնակցեն։ Սակայն եթե նրանք բոլորը գտնվում են տարբեր կենտրոններում, հաճախ է ստացվում, որ հիվանդը չի ունենում բժիշկ, որը «կվարի» նրա գործը, կիմանա նրա մասին ամեն ինչ եւ կմշակի նրա բուժման ռազմավարությունը։

Շատ արեւմտյան երկրներում արդեն վաղուց կան մասնավոր օնկոլոգիական կաբինետներ, որի մասնագետները խորհուրդներ են տալիս քաղցկեղային հիվանդություններով տառապող հիվանդներին, երկրորդ կարծիք են հայտնում եւ անհրաժեշտության դեպքում նախատեսում են նրանց բուժումը, հուշում են, թե ուր պետք է գնան եւ ինչ անեն՝ այդպիսով նրանց ազատելով ավելորդ ծախսերից ու գլխացավանքներից։ Հայր եւ որդի՝ ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը եւ քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը նախատեսում են Հայաստանում բացել այդպիսի առաջին կաբինետը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Բադալյանը պատմեց, որ հիվանդը, որի մոտ օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել, որպես կանոն, դժվար է կողմնորոշվում եւ հասկանում, թե ինչ պետք է անել։

Արդյունքում շատ հիվանդներ քիչ փող չեն ծախսում անալիզների ու պրոցեդուրաների վրա, որոնք նրանց, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ չեն եղել։ Շատերը շտապում են մեկնել Գերմանիա կամ Իսրայել՝ հույս ունենալով, որ դա նրանց կօգնի։

Մասնավոր կաբինետում օնկոլոգը կօգնի հիվանդին հասկանալ նրա ախտորոշումը եւ կբացատրի, թե ինչ է անհրաժեշտ անել հետագայում, իսկ ինչ անել պետք չէ։ Օրինակ՝ եթե հիվանդին իսկապես մի պրոցեդուրա է անհրաժեշտ, որը չեն կատարում Հայաստանում, նրան կհուշեն՝ որտեղ է պետք մեկնել եւ ինչու։ Եթե նրան նաեւ այստեղ կարող են օգնել, հիվանդը կստանա բոլոր կլինիկաների մասին տվյալները, որտեղ նրան անհրաժեշտ պրոցեդուրաները կիրականացնեն, կիմանան, թե հենց որ մասնագետի մոտ է անհրաժեշտ գնալ։

«Մասնավոր կաբինետի բժիշկները կվերահսկեն հիվանդի բուժման ամբողջ գործընթացը, կմշակեն գործողությունների ամբողջական ծրագիր՝ առաջին անալիզի հանձնումից մինչեւ հիվանդի վիճակի վերահսկողություն ռեմիսիայից հետո շատ տարիների ընթացքում։ Մենք ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա, դառնում ենք, այսպես ասած, նրա անձնական մասնագետը եւ մշտապես գտնվում ենք մյուս բժիշկների հետ կապի մեջ, որոնք աշխատում են այդ հիվանդի հետ»,- նշեց Լեւոն Բադալյանը։

Այսպիսի կաբինետի մեկ այլ առավելությունն է «հիվանդանոցային մթնոլորտի» բացակայությունը, որը դուր չի գալիս շատ հիվանդների։ Բժշկի հետ խոսելը «գրասենյակային» մթնոլորտում շատ մարդկանց ավելի հաճելի է, քան հիվանդանոցային կաբինետում։

Կաբինետի պաշտոնական բացումը դեռ չի կայացել, սակայն Գրիգոր եւ Լեւոն Բադալյաններն իրենց նախագիծը ներկայացրել են Երեւանում հոկտեմբերի 26-28-ը անցկացվող «Առողջապահություն եւ դեղագործություն Էքսպո 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ։