2017 թվականին Հայաստանում 169 հղիներ պատվաստանյութ են ստացել սեզոնային գրիպի դեմ: Սա բոլոր հղի կանանց գրեթե 1 տոկոսն է, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ապագա մայրերին գրիպի դեմ պատվաստումներ սկսել են առաջարկել երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ քչերն էին դրան լուրջ վերաբերվում: Սակայն անցյալ տարի կանայք սկսել են ակտիվորեն պատվաստվել:

Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, գրիպի դեմ պատվաստումը կարելի է կատարել հղիության ցանկացած ժամկետում, քանի որ գրիպի վիրուսը ցանկացած ժամկետում վտանգավոր է ե՛ւ մոր, ե՛ւ պտղի համար:

Կարծիք կա, որ հղի կանանց մոտ գրիպի բարդություններն ավելի հաճախ են նկատվում, քան նույն տարիքային խմբի այլ կանանց մոտ: Բարդությունները ներառում են վիրուսային եւ բակտերիալ թոքաբորբեր, սիինուսիտ, բրոնխիտ, օտիտ եւ շատ այլ խնդիրներ: Ավելին՝ գրիպի ֆոնին նրանց մոտ հաճախ սրվում են քրոնիկական հիվանդությունները, ինչպես, օրինակ, շաքարային դիաբետը, ինչպես նաեւ բակտերիալ եւ/կամ սնկային հիվանդությունները, որոնք անմիջականորեն կապված են գրիպի հետ, օրինակ՝ կանդիդոզը:

Հղի կանանց համար վտանգավոր է գրիպով վարակվելը նաեւ այն պատճառով, որ կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման: Համարվում է նաեւ, որ հղիության ուշ փուլերում վիրուսը կարող է թափանցել ընկերքային պատնեշի միջով եւ ախտահարել երեխային:

Այս բոլոր խնդիրների կանխարգելման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հղի կանանց խորհուրդ է տալիս գրիպի դեմ պատվաստվել, եթե ոչ մի հակացուցում չկա: Պատվաստման համար բացարձակ հակացուցումը հավի սպիտակուցի հանդեպ ալերգիան է, որը պատվաստանյութի ստեղծման բազային սուբստանցիան է, ինչպես նաեւ անհատական մակարդակում պատվաստանյութերի բաղադրիչները յուրացնել չկարողանալը: Կան նաեւ մի շարք հարաբերական հակացուցումներ, ինչի մասին հղի կնոջը կհայտնեն նրան բուժող բժիշկները: