Կրծքագեղձի քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարի համար մեկ բժիշկը բավարար չէ՝ լավագույն արդյունքների հասնելու համար պացիենտների հետ պետք է աշխատի բժիշկների թիմ։ Որպեսզի այդ աշխատանքը առավելագույնս արդյունավետ կատարվի, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն, որը միավորել է կրծքի առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները. այսուհետ պացիենտները ստիպված չեն լինի մի կենտրոնից մյուսը վազել կամ նույնիսկ մի հարկից մյուսը՝ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, բոլոր խորհրդատվությունները կկազմակերպվեն մեկ բաժանմունքում։ Այստեղ անհրաժեշտության պարագայում հնարավոր կլինի նաեւ կրծքի վիրահատություն կատարել։
Ծառայության բացման հանդիսավոր արարողությանը «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ նոր ծառայությունը կանի ամեն հնարավորը կրծքագեղձի քաղցկեղի՝ ժամանակին ախտորոշման համար. եթե հիվանդությունն ախտորոշվի վաղ փուլերում, ապա այն կարելի կլինի հեշտ եւ արագ բուժել՝ դրա հետ մեկտեղ պահպանելով պացիենտի կուրծքը։
«Սա կտրուկ կբարձրացնի կրծքի քաղցկեղի ախտորոշման ու բուժման մակարդակը Հայաստանում», – շեշտեց Մանուկյանը։
Կրծքի պահպանումը նոր ծառայության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է, իր հերթին նկատեց ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը։ Բժշկի խոսքով՝ կուրծքը շատ կարեւոր է կանանց համար, իրենց ինքնավստահության համար։ Սակայն ոչ բոլոր մասնագետներն են հաշվի առնում այդ փաստը, եւ հաճախ է երկրում կատարվում կրծքագեղձի ամպուտացիա, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն պացիենտի առողջությանը, այլ նաեւ հոգեկան վիճակին ու ինքնավստահությանը։
Նոր բաժնում մասնագետները կանեն ամեն հնարավորը, որ, հեռացնելով ուռուցքը՝ պահպանեն կնոջ կուրծքը կամ, օգտագործելով պլաստիկ վիրաբուժության վերջին ձեռքբերումները, կրծքի ռեկոնստրուկցիա անեն։
Նման արդյունքների հասնելու հարցում մասնագետներին կօգնի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկների հետ սերտ համագործակցությունը։
«Էրեբունի» ԲԿ–ի ուռուցքաբանության ծառայության ղեկավար Հայկուհի Գյոկչյանն ընդգծեց, որ վիրաբուժական միջամտությունից առաջ ճիշտ եւ ժամանակին քիմիաթերապիայի անցկացման օգնությամբ կարելի է հրաշալի արդյունքների հասնել՝ նվազեցնելով ուռուցքի չափերը եւ հնարավոր դարձնելով օրգանի պահպանման վիրահատության անցկացումը։
Հայկուհի Գյոկչյանը հիշեցրեց, որ կրծքի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է։ Եվ չնայած աչքաթող արված դեպքերը վերջին ժամանակներս ավելի քիչ են դարձել, ոլորտում բարելավելու դեռ շատ բան կա։
Կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերման մակարդակի բարձրացման համար նոր ծառայությունը Europa Donna Armenia բարեգործական կազմակերպության հետ համատեղ կանցկացնի բարեգործական ակցիաներ, սքրինինգային հետազոտություններ, բաց դռների օրեր եւ շատ այլ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բնակչության շրջանում կրծքի քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը եւ հիվանդության ժամանակին հայտնաբերմանը։
Կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը հավելեց, որ վերջին ժամանակներս բաց դռների օրեր այստեղ արդեն երկու անգամ անցկացվել են։ Այդպիսի օրեր կկազմակերպվեն նաեւ ապագայում՝ ե՛ւ այս տարի, ե՛ւ հաջորդ տարի։
Նվարդ Քոչարյանի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ «Էրեբունի» ԲԿ–ում մամոլոգիայի եւ կաթնագեղձի վիրաբուժության ծառայությունը բացվել է հենց հոկտեմբերին՝ կրծքի քաղցկեղի մասին տեղեկության տարածման ամսին։
Նվարդ Քոչարյանի խոսքով՝ «Էրեբունի»–ն մեծ եւ բազմապրոֆիլ կենտրոն է եւ միայն կաթնագեղձերի խնդիրներով զբաղվող ծառայության բացումը այստեղ չափազանց կարեւոր է։




















