Հոկտեմբերի 25-ի տվյալներով՝ 1067 աղջիկներ պատվաստվել են Գարդասիլով՝ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութ, որը կարող է բերել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման: Սա անհրաժեշտ տարիքային խմբի բոլոր աղջիկների մոտ 6 տոկոսն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Մասնագետի խոսքով՝ երբ Հայաստանում նոր էին սկսել ՄՊՎ դեմ պատվաստումները, հակապատվաստումային շարժումը այս պատվաստանյութի մասին մեծ թվով սխալ տեղեկություններ տարածեց, ինչի պատճառով ծնողները վախենում էին իրենց 13-ամյա աղջիկներին պատվաստել:
Առավել դժվար էր 2004 թվականին ծնված աղջիկների հետ աշխատանքը. հենց նրանց պետք է առաջինը պատվաստեին 2017 թվականի վերջից սկսած: Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, սկզբում բավականին խնդրահարույց էր աղջիկներին եւ նրանց ծնողներին պոլիկլինիկա հրավիրելը՝ նույնիսկ այլ, պատվաստման հետ չկապված հարցերով:
«Նրանց հետ դժվար էր աշխատել սարսափի ու վախի մթնոլորտի պատճառով: Այս տարիքում է անցկացվում նաեւ դիֆթերիայի եւ կարկամախտի դեմ պատվաստումը, սակայն որոշ ծնողներ վախենում էին իրենց երեխաներին պոլիկլինիկա բերել նույնիսկ այս պատվաստումը ստանալու համար»,- ասաց մասնագետը:
Հիմա, սակայն, իրավիճակը սկսել է փոխվել: 2005 թվականին ծնված աղջիկների ծնողներն արդեն ավելի համարժեք են վերաբերվում ՄՊՎ դեմ պատվաստմանը. համենայնդեպս, նրանք համաձայնվում են պոլիկլինիկա այցելել, լսում են բժշկին եւ ստացած տեղեկությունները հաշվի առնելով՝ որոշում ընդունում: Նրանցից շատերը համաձայնվում են պատվաստվել:
Գայանե Սահակյանի խոսքով՝ մինչ օրս պատվաստանյութը ստացած աղջիկներից ոչ մեկի մոտ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել, ոչ ոք նույնիսկ ներարկման տեղի ցավից չի գանգատվել:
Հիշեցնենք, որ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում սկսել են իրականացնել 2017-ի դեկտեմբերի 11-ից։ Ծրագրվում է պատվաստել 16 000 13-ամյա աղջիկների, որոնք ծնվել են 2004-ի հունիսից հետո։
Հիշեցնենք նաեւ, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 262 նոր դեպք: Հիվանդների 80 տոկոսը 40-69 տարեկան կանայք են: Հիվանդության դեպքերի 62 տոկոսը հայտնաբերվել է 3-րդ կամ 4-րդ փուլում: Անցյալ տարի գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով մահվան 75 դեպք:






