ԱՀԿ-ն պատրաստ է ապահովել տեխնիկական աջակցություն Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին նոր օրինագծի ընդունման համար: Այս մասին առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի` Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերը:
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն պատրաստ է նաեւ փորձի փոխանակման հնարավորություն ստեղծել այս առումով դրական արդյունքներ ունեցող մի շարք երկրների, մասնավորապես, Իռլանդիայի, Ուկրաինայի հետ, խթանել Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի իրագործումը և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերել նաև համատեղ իրազեկման քայլեր ձեռնարկել:
Քրիստինա Մաուեր-Ստենդերը շեշտել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում: Լիարժեք աջակցության պատրաստակամության մասին ավելի վաղ հավաստիացրել էր նաև ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը` ՀՀ վարչապետին և առողջապահության նախարարությանն ուղղված իր նամակում:
Իր հերթին Արսեն Թորոսյանը նշել է, որ ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրենքը նախատեսվում է ներկայացնել արդեն նոր խորհրդարանի հաստատմանը եկող տարի: Արսեն Թորոսյանը մտահոգություն է հայտնել ծխախոտային որոշ արտադրանքների ագրեսիվ ներկայացման և քողարկված գովազդի առնչությամբ` շեշտելով, որ ընդունվելիք օրենքը կարգավորումներ է ենթադրում նաև դրանց գրանցման, գովազդի արգելքի և հարկման մեխանիզմների փոփոխության առումով:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև եկող տարեսկզբին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբի` Հայաստան այցի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախարարի պաշտոնակատարի հրավերով սպասվելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկման դնել առողջապահական հարցերի լայն շրջանակ:






