Խորհրդավոր ինֆեկցիայի պատճառով, որի ծագումը բժիշկներին դեռեւս չի հաջողվել պարզել, ստիպված էին անդամահատել 2-ամյա Ջերեմի Քոկսի ձեռքերն ու ոտքերը:
Ամեն ինչ սկսվել է բարձր ջերմությունից եւ սրտխառնոցից: Սեպտեմբերի 29-ին, երբ երկրորդ երեխայով հղի Ջերեմիի մայրն արդեն ֆիզիոլոգիական արձակուրդում էր, տղայի ջերմությունն անսպասելի բարձրացել է: Երեխային տեղափոխել են Ինդիանապոլիսի Ռայլի մանկական հիվանդանոց, եւ արդեն այնտեղ երեխայի առողջությունը սկսել է սրընթաց վատթարանալ, իսկ ամբողջ մարմինը ծածկվել է ալ կարմիր բծերով:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են սեպտիկ շոկ ու խանգարում, որն արտահայտվում է ներմաշկային մանր արյունազեղումներով, այն առաջանում է անհայտ բակտերիալ ինֆեկցիայի հետեւանքով: Այս խանգարման դեպքում մանր արյունատար անոթները պայթում են, եւ մաշկի տակ արյան զեղումները նմանվում են կարմրա-մանուշակագույն բծերի:
Չնայած տված հակաբիոտիկները, կարծես, օգնել են ինֆեկցիան վերացնել, նրա վերջույթների արյան շրջանառությունը վատթարացել է, իսկ ճնշումը չափից ավելի է ընկել, եւ փոքրիկի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված էին անդամահատել նրա ձեռքերն ու ոտքերը:
Ջերեմիին արդեն դուրս են գրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, սակայն նա դեռեւս հիվանդանոցում է եւ առայժմ լիովին չի առողջացել: Բժիշկները հույս ունեն նրան դուրս գրել շաբաթվա վերջին եւ ուղարկել վերականգնողական բաժանմունք, որտեղ նա կկարողանա սովորել կառավարել իր ծայրատված վերջույթները, չորեքթաթ անել եւ նույնիսկ ինքնուրույն ուտել:






