Մեկ տարի առաջ 6-ամյա Նատալիի մոտ ախտորոշվել է գլյուտենի (ցելիակիա) անհանդուրժողականություն, որից հետո նա ամբողջ տարին ստիպված էր հետեւել հատուկ, բավականին բարդ սննդակարգի, որը շատ անհարմարություններ է ստեղծել ե՛ւ իր, ե՛ւ նրա ծնողների համար: Վերջերս, սակայն, աղջիկը այդ անալիզը նորից հանձնել է երեւանյան երկու լաբորատորիաներում. մեկի տվյալներով նրա մոտ, այնուամենայնիվ, գլյուտենի անհանդուրժողականություն կա, մյուսի տվյալներով՝ չկա:
Աղջկա հայրը՝ Գեւորգ Վլասյանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա ամռանը: Աղջիկը հայտնվել է «Արաբկիր» ԲԿ-ում, որտեղ նրա մոտ լեղապարկում քար են հայտնաբերել: Քարագոյացման պատճառը պարզելու ընթացքում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են գլյուտենի անհանդուրժողականություն եւ հատուկ սննդակարգ են նշանակել:
«Պրոմթեստ» մասնավոր լաբորատորիայում նրանք տարվա ընթացքում մի քանի անգամ հանձնել են նույն անալիզը (Հակա-tTG IgA, Հակամարմիններ տրանսգլուտամինազի հանդեպ, A դասի իմունոգլոբուլին): Սկզբում արդյունքը շատ բարձր էր՝ 214 RU/ml, այն դեպքում, երբ այս լաբորատորիայի նորմատիվներով նորման մինչեւ 20 RU/ml է: Ժամանակի ընթացքում ցուցանիշն աստիճանաբար նվազել է: Ընթացիկ տարվա հուլիսին աղջիկը նույն անալիզը հանձնել է «Արաբկիրում», եւ արդյունքը եղել է 10.1 RU/ml (10 RU/ml նորմայի դեպքում), այսինքն նորմային շատ մոտ: Զարմացած ծնողները աղջկան տարել են «Պրոմթեստ», սակայն այնտեղ ցուցանիշը նախկինի պես բարձր էր՝ 70 RU/ml, իսկ մի քանի օր հետո՝ նույնիսկ 75.3 RU/ml: Նույն օրը անալիզը վերահանձնել են «Դավիդյանց» լաբորատորիայում, որտեղ արդյունքը եղել է 9.07 RU/ml (10 RU/ml նորմայի դեպքում):
«Սա երկու հակասական արդյունք է: Այստեղ խոսքը ոչ թե արդյունքներում փոքր տարբերությունների մասին է, այլ հարցն այն է, թե ընդհանրապես իմ դստեր մոտ կա՞ գլյուտենի անհանդուրժողականություն: Նա ընդհանրապես պե՞տք է այդ սննդակարգին հետեւի,- նշեց աղջկա հայրը: - Լաբորատորիաներից մեկի արդյունքները հաստատապես բացարձակ սխալ են, սակայն ինչպես հասկանալ՝ ո՞րն է ճիշտ պատասխանը»:
Նրա խոսքով՝ երկու լաբորատորիաներում տեղեկանալով իր խնդրին՝ վերստուգել են աղջկա արյան պահպանած շիճուկը: Երկու լաբորատորիան էլ պնդում է, որ իր արդյունքները ճիշտ են:
Հասկանալու համար, թե երկրում ով է զբաղվում լաբորատորիաների լիցենզավորմամբ եւ պատասխանատու որակի վերահսկողության համար, սեպտեմբերի 17-ին Գեւորգը նամակ է ուղարկել Հայաստանի առողջապահության նախարարություն: Այնտեղից նրան պատասխանել են, որ լաբորատորիաներում որակի վերահսկողությունն իրականացնում է վարչապետին առընթեր Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը: Գեւորգի նամակը վերահասցեագրել են նշված տեսչություն, սակայն նա այնտեղից հստակ պատասխան չի ստացել. պատասխան նամակում նշված էր, որ այդ հարցն իրենց իրավազորության ներքո չէ:
Մինչեւ հիմա Գեւորգը բազմիցս զանգահարել է թե՛ նախարարություն, թե՛ տեսչություն, սակայն այդպես էլ չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու են երկու լաբորատորիաներ տալիս այդքան տարբեր արդյունքներ, եւ ով է պատասխանատու նրանց գործունեության համար:
Ի վերջո, մտահոգված հորը խոստացել են աշխատանքային խումբ ստեղծել, որը կհետեւի, որ նրա դուստրը նույն անալիզը հանձնի քաղաքի բոլոր լաբորատորիաներում, հետո արդյունքները կհամեմատեն եւ կհասկանան, ինչ անել այնուհետեւ:
Այս խոստումից հետո 20 օր է անցել: Վերջերս Գեւորգին հայտնել են, որ աշխատանքային խումբը, վերջապես, ստեղծվել է: Բայց այն առայժմ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել, իսկ Գեւերգը համոզված էլ չի, որ ապագայում կձեռնարկի:
«Ստացվում է, որ հիմա ոչ ոք իրավիճակին չի տիրապետում: Լաբորատորիան կարող է տալ ցանկացած սխալ պատասխան, որի համաձայն մարդուն կարող են բուժում նշանակել, որը, հնարավոր է, նրան ընդհանրապես պետք չի: Մենք՝ որպես քաղաքացիներ, ցանկանում ենք հասկանալ, թե որ գերատեսչությունն է այս հարցով զբաղվում, ով է ընդհանրապես սրա համար պատասխանատու»,- նշեց Գեւորգը:






