ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ, մայիսի 26-ին, Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայութունից։

Նախարարը ծանոթացավ հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների եւ վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային եւ լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաեւ մասնագետներով ապահովվածությանը: Բժշկական կենտրոնում նա ծանոթացավ սիրիահայ բժիշկ, մանկաբույժ Վարանդ Կիրակոսյանի հետ, ով արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Սպիտակում:

Արմեն Մուրադյանը նաեւ այցելեց հիվանդներին, հետաքրքրվեց նրանց վիճակով եւ բուժման ընթացքով։

Վանաձորում առողջապահության նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:

«Առողջության առաջնային պահպանումը կառավարության գերակա ուղղություններից է, հետեւաբար մեզ համար պոլիկլինիկական յուրաքանչյուր խնդրի լուծում կարեւոր է։ Հուլիսի 1-ից այս օղակում աշխատավարձերն էականորեն կբարձրանան։ Սակայն դա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ եւ ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել եւ հիվանդությունները վաղ հայտնաբերել»,- ընդգծեց նախարարը։

Այնուհետեւ նախարարը եղավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որն իրականացնում է մարզի հոգեկան խնդիրներ ունեցող շուրջ 4500 բնակչի դիսպանսեր հսկողություն, իսկ ծավալված 30 մահճակալը բավարարում է, ըստ անհրաժեշտության, նրանց հիվանդանոցային բուժումը կազմակերպելու համար:

Առողջապահության նախարարի հաջորդ շրջայցը Վանաձորի բժշկական կենտրոնում էր։ Արմեն Մուրադյանը ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին, հագեցածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին։ Նա շրջեց վիրաբուժական եւ «Սուրբ Նարեկ» մանկական բաժանմունքներում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով ու բուժման ընթացքով: