Կանանցից շատերի համար կլիմակտերիկ շրջանը միանգամայն հարթ է ընթանում՝ առանց հիվանդագին երեւույթների: Կլիմաքսն արտահայտվում է այնպիսի տհաճ ախտանշաններով, ինչպիսին են «առհոսումները», անկայուն արյան ճնշումը, առանց պատճառի տրամադրության հաճախակի փոփոխությունը, քնի խանգարումը եւ միգրենը: Դրանից բացի, այս շրջանին հատուկ է մաշկի թառամումը, ինչը հարված է հասցնում կնոջ ինքնագնահատականին:

Մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ կլիմաքսի դեպքում նկատվում է մաշկի չորություն եւ պիգմենտացիա: «Կան մի շարք հիվանդություններ, որոնք շատ հաճախ են դիտվում կլիմատերիկ շրջանում: Օրինակ՝ մաշկածածկույթի չորություն, հատկապես ափերին եւ կրունկներին: Սա կարող է ճաքերի պատճառ դառնալ, որոնք կարող են ցավոտ եւ արյունահոսող լինել»,- հայտնեց նա:

Մաշկի հետ կապված խնդիրներ առաջանալիս մասնագետը կանանց խորհուրդ է տալիս խորհրդատվության համար դիմել մաշկաբանի եւ գինեկոլոգի: Օրինակ՝ լավ արդյունք է տալիս փոխարինող հորմոնալ թերապիան, տարբեր կոսմետոլոգիական միջամտությունները:

«Ցավոք, հաճախ մաշկին մատների արանքով են նայում, առաջացած խնդիրները «վերագրելով» արտաքին գործոնների ազդեցությանը: Սակայն բժիշկը պետք է որոշի՝ դա հասարա՞կ բան է, թե՞ լուրջ հիվանդություն, որը բուժման կարիք ունի:  Ինքնաբուժման վրա կորցրած ժամանակը բժիշկի աշխատանքը դժվարեցնում է, եւ երբեմն նա այլեւս չի կարողանում բուժել սովորական դեղամիջոցներով»,- նշեց Հովհաննիսյանը: