Եթե կինը տարեկան գոնե մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցնում, ձվարանների քաղցկեղը նրա մոտ հայտնաբերվում է ավելի վաղ շրջանում, որը նշանակալիորեն ավելացնում է ապրելու շանսերը։ Այս մասին ասված է Obstetrics & Gynecology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Քենթուքի համալսարանի գիտնականներն օգտագործել են «Բրիտանական Մարկի քաղցկեղի կենտրոնի ձվարանի քաղցկեղի սքրինինգի ծրագիր» (UK Markey Cancer Center's Ovarian Cancer Screening Program) հետազոտության տվյալները, որը տեւել է 30 տարի, եւ որի նպատակն է եղել որոշել տրանսվագինալ ՈՒՁՀ-ի արդյունավետությունը ձվարանի քաղցկեղի վաղ ախտորոշման հարցում։ Հետազոտությանը մասնակցած կանայք ամեն տարի անվճար նման հետազոտություն են անցել։

Ներկա պահին անվճար սքրինինգ է անցել 46 000 կին։ Մասնակիցներին բաժանել են 2 խմբի՝ 20 տարեկանից բարձր եւ 50 տարեկանից բարձր։ Նրանք բոլորը պետք է հիվանդության ընտանեկան պատմություն ունենային, սակայն ձվարանի քաղցկեղի ախտանիշները հետազոտության սկզբում բացակայել են։

Հետազոտության ժամանակ վերահսկվող խմբի կանանց մոտ գրանցվել է ինվազիվ էպիթելային քաղցկեղի 71 դեպք եւ ցածր չարորակության քաղցկեղի 17 դեպք։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն տարի սքրինինգ անցնող պացիենտների մոտ 5, 10 կամ 20 տարվա կյանքը 30 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն անցնում այն։

Նշենք, որ կանոնավոր ՈՒՁՀ-ն կարող է օգնել վաղ փուլերում հայտնաբերել նաեւ քաղցկեղի այլ տեսակները՝ կրծքագեղձից մինչեւ երիկամներ։