Մարդու ուղեղը՝ աշխարհն ավելի լավ տեսնելու համար երբեմն դիմում է ականջների օգնությանը, հայտնել են Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանի նյարդաբանության եւ հոգեբանության ինստիտուտի հետազոտողները։
Այս բացահայտման իմաստը բավականին պարզ է։ Ձայների հետ միասին ստացված տեղեկատվությունը տեսողական կեղեւը (ուղեղի այն հատածը, որը կապված է տեսողության հետ) օգտագործում է՝ կանխատեսելու համար, թե ինչ կարող է մարդը շուտով տեսնել, հայտնում է Medical Daily-ին։ «Այսպիսով, օրինակ, եթե Դուք փողոցում եք եւ լսում եք մոտեցող մոտոցիկլետի ձայնը, Դուք ակնկալում եք մոտոցիկլետ տեսնել։ Եթե հանկարծ ձի հայտնվի,Դուք շատ կզարմանաք»,-ասել է պրոֆեսոր Լարս Մուկլին։
Հետազոտողները, մագնիսա –ռեզոնանսային տոմոգրաֆիայի ՄՌՏ օգնությամբ անցկացված հինգ փորձարկումներից հետո, սերտ կապ են գտել տեսողական կեղեւի եւ ականջների գործառույթերի միջեւ։ Փորձարկումներից մեկի ժամանակ, օրինակ, հետազոտողները խնդրել են մասնակիցներին լսել երեք տարբեր ձայներ՝ թռչունների դայլայլը, մեքենաների ձայնը եւ մարդկանց խմբերի խոսակցությունները։
Մագնիսա –ռեզոնանսային տոմոգրաֆիայի ՄՌՏ օգնությամբ նրանք կարողացել են տեսնել, որ ուղեղի վաղ գործունեությունը պատկերավորել է ձայնի աղբյուրը։ Երկրորդ փորձարկման ժամանակ, մասնագետները արդեն ունակ են եղել վերարտադրել նույն արդյունքները՝ միայն պատկերացնելով աղբյուրը, առանց ձայնի եւ պատկերի։
«Այս հետազոտությունը ընդլայնում է մեր պատկերացումները առ այն, թե ինչպես են փոխկապակցված մեր ուղեղի տարբեր հատվածները»,-ասել է Մուկլին։ Այն կօգնի հետազոտողներին ավելի լավ հասկանալ շիզոֆրենիայով եւ աուտիզմով տառապող մարդկանց զգայական ընկալումները. նման հիվանդություններ ունեցող մարդիկ ունեն կամ ավելի սուր, կամ ընդհակառակը, ավելի բութ զգայարաններ։
Այս արդյունքները նաեւ լույս են սփռում մեր անցյալի վրա։ Հետազոտողները ենթադրում են, որ ի սկզբանե այս կապը անհրաժեշտ է եղել մեր նախնիներին՝ գոյատեւման համար։






