Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում այսօր, մայիսի 27-ին բացվեց նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց, որ Հայաստանում շատ բարձր են մահացության ցուցանիշները ոչ ինֆեկցիոն հիվանդություններից, որոնց թվում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները։ Մասնավորապես, տարեկան Հայաստանում գլխուղեղի կաթվածի մոտ 5000 դեպք է գրանցվում, եւ այդ հիվանդների կեսը կամ մահանում է, կամ հաշմանդամ է դառնում։ Առողջապահության նախարարը կարեւորեց կենտրոնի բացումը, քանի որ այն հնարավորություն կտա նվազեցնել այս ցուցանիշները։
Կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանը լրագրողներին ասաց, որ նորաստեղծ կենտրոնում կան բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար։
«Բացառիկությունը նաեւ նրանում է, որ մենք մեր վրա պարտավորություն ենք վերցրել ոչ միայն բուժական աշխատանքներ կատարել, այլ նաեւ կրթել», - ասաց նա։
Ռուբեն Ֆանարջյանը նաեւ պատմեց, որ Հայաստանում արդեն 4 տարի գործում է նյարդավիրաբուժական կլինիկա, որի հիման վրա էլ հենց ստեղծվել է այս կենտրոնը։ Կենտրոնում, ի տարբերություն կլինիկայի, կա 3 ստորաբաժանում՝ նյարդաբանական ծառայություն, նեյրոինտենսիվ ծառայություն եւ նյարդավիրաբուժության ծառայություն։ Հետագայում պլանավորվում է ներդնել նաեւ ռեաբիլիտացիոն կենտրոն։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Ֆանարջյանն ասաց, որ կենտրոնում կա 6 նյարդավիրաբույժ, 4 նյարդաբան եւ 2 անեսթեզիոլոգ, ինչպես նաեւ միջին բուժանձնակազմ եւ մայրապետներ։ Նրա խոսքով՝ պահանջարկ լինելու դեպքում անձնակազմի թիվը կաճի։
Բացի այդ, Ռուբեն Ֆանարջյանը պատմեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամը կենտրոնին նվիրել է նոր սարքավորում՝ անգիոգրաֆիայի համար։ «Դա սարք է, որի միջոցով հետազոտում են գլխուղեղի անոթային համակարգը», - պարզաբանեց պրոֆեսոր Ֆանարջյանը։
Նա նաեւ հույս հայտնեց, որ ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար էլ կենտրոնի ծառայությունները հասանելի կլինեն։
[gallery id=32]






