«Չարորակ ուռուցք դարձած կիստայով» տղամարդու դեպքի վերաբերյալ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ պարզելու համար, թե արդյոք տղամարդու հետ կատարվածում կա բժշկի մեղավորությունը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ՊՆ ավագ սպա Մերի Սարգսյանը։
Գործն այժմ նախաքննության փուլում է, իսկ մեղադրյալներ, ինչպես հայտնեց Մերի Սարգսյանը, չկան։ Գործը հարուցվել է ըստ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 1 մասի՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»։
Հիշեցնենք, որ Գեղամ Խաչատրյանը, կարծելով, որ իր դեմքին սովորական կիստա է, վիրահատվել է զինվորական կլինիկական հոսպիտալում՝ բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանի մոտ։ Վիրահատությունից առաջ պունկցիայի միջոցով հիվանդից հյուսվածքի նմուշ էին վերցրել եւ հետազոտել Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ եզրակացրել էին, որ Գեղամի մոտ սովորական կիստա է։
Սակայն վիրահատությունից հետո պարզվել էր, որ Գեղամի մոտ չարորակ ուռուցք է, որը միջամտությունից հետո տարածվել է նրա դեմքին։ Այժմ Գեղամ Խաչատրյանը ուժեղ ցավեր ունի եւ քիմիաթերապիա է ստանում։
Նշենք նաեւ, որ ըստ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 1 մասի՝ եթե ապացուցվի բուժաշխատողի մեղքը՝ հիվանդի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու համար, նա կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:






