5000 երեխաներից մեկը ծնվում է գենետիկ մուտացիաներով, եւ այժմ գիտնականները քննարկում են երեք կենսաբանական ծնողներ ունեցող երեխաների ծնվելու հարցը՝ միտոքոնդրիալ մուտացիաների պատճառով առաջացած հիվանդությունները կանխելու համար, հաղորդում է Medical Daily-ն։

Վերջերս Նյուքասլի համալսարանի հետազոտողները Դուգլաս Թերնբուլի գլխավորությամբ կատարել են արհեստական բեղմնավորում երեք մարդկանց օգնությամբ, որպեսզի նորածին երեխաները չժառանգեն միտոքոնդրիալ մուտացիաները իրենց ծնողներից։ Կատարելով արհեստական բեղմնավորում՝ գիտնականները կարողացել են միտոքոնդրիալ մուտացիաներ ունեցող կանանց ձվարաններից գենետիկ նյութը տեղափոխել առողջ կնոջ ձվարանի մեջ  եւ  բեղմնավորել այն նրա ամուսնու սերմնաբջջով։

Ահա թե ինչպես է Nature ամսագիրը նկարագրել այդ գործընթացը:

Սկզբում բեղմնավորված ձվարանի վրա ուղղում են լազերային ճառագայթ եւ դրա թաղանթի վրա անցք են բացում։ Այնուհետեւ, էմբրիոլոգը զգուշությամբ կաթոցիչը անցկացնում է անցքի մեջ եւ հավաքում պրոնուկլեուսները։ Դրանից հետո հետազոտողները բեղմնավորված դոնորական ձվարանից հանում են նրա գենետիկ նյութը եւ ներարկում են այն դատարկ ձվի մեջ։ Այս ամենի համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե (տես վիդեոն)։

Դեռեւս հետազոտությունը կատարվել է կապիկների, մկների եւ մարդու՝ լաբորատոր պայմաններում առանձնացված բջիջներ վրա։

Թեպետ հետազոտությունները մինչ այժմ հաջողվել են, շատ գիտնականներ դեմ են այս մեթոդին՝ նշելով, որ այս գործընթացը կարող է վտանգավոր լինել։ Իսկ բիոէթիկայի մասնագետները մտահոգված են նրանով, որ «գործընթացը կարող է հանգեցնել մարդ արարածի հետագա գենետիկ փոփոխությունների, որոնք կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»։

Բայց Թերնբուլը նրանց հետ համամիտ չէ. «Խոսքը վերաբերում է լուրջ եւ կյանքին սպառնացող ծանր հիվանդություններին»,-ասել է նա Nature ամսագրին։