Գրիպից եւ ՍՇՎ-ից հետո ատամի խոզանակը դեն նետելն ու նորը գնելը միանգամայն տրամաբանական է. վերջիվերջո՝ այս հիվանդությունները փոխանցվում են թքի միջոցով, հետեւաբար ատամի խոզանակի վրա մեծ թվով ախտածիններ են մնում, որոնք կարող են բերել կրկնակի վարակման: Բայց մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է:

Բժիշկ Նեհա Վյասը պնդում է, որ իսկապես ատամի խոզանակի վրա ախտածիններ մնում են, սակայն գիտական ապացույցներ չկան, որ այս ախտածինները կարող են առաջացնել գրիպի եւ ՍՇՎ կրկնակի վարակում: Բանն այն է, որ բերանի մեջ բնակվող ախտածինների կենսունակության համար անհրաժեշտ է տաք եւ խոնավ միջավայր: Ատամի խոզանակի վրա ախտածինների մեծ մասը մի քանի ժամ հետո կոչնչանա, հատկապես եթե օգտագործելուց հետո այն ինչպես հարկն է լվացվի ու չորացվի:

Նույնիսկ գրիպի վիրուսը օրգանիզմից դուրս կենսունակությունը պահպանում է գրեթե 24 ժամից ոչ ավելի: Մասնագետի խոսքով՝ եթե գրիպով հիվանդը մեկ այլ մարդու փոխանցի հենց նոր օգտագործած խոզանակը, նա, հնարավոր է, վարակվի, սակայն մարդկանց մեծամասնությունն այդպես չի վարվում. ի վերջո՝ ատամի խոզանակը անձնական հիգիենայի պարագա է, եւ քչերն են այն այլ մարդկանց հետ օգտագործում: Ինչ վերաբերում է իրեն՝ հիվանդին, նա չի կարող սեզոնին երկու անգամ վարակվել գրիպի միեւնույն շտամով, ուստի կրկնակի վարակումը եւս բացառված է:

Սակայն եթե գրիպով հիվանդը բնակվում է թույլ իմունիտետով մարդու հետ, եւ նրանց խոզանակները կողք կողքի են դրված, ապա հիպոթետիկորեն հնարավոր է, որ ախտածինները մի խոզանակից անցնեն մյուսին եւ հիվանդության զարգացում առաջացնեն:

Cleveland Clinic-ից մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդությունից հետո խոզանակը դեն նետել եւ նորը ձեռք բերել: Ավելին՝ նրանք խորհուրդ են տալիս ատամի խոզանակը փոխել յուրաքանչյուր 4 ամիսը մեկ՝ անկախ առողջական վիճակից: