Մ․ Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանն ընդլայնում է համագործակցությունը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հետ։ Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացավ ԵՊԲՀ-ի եւ ՄՊՀ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՄՊՀ-ի կլինիկայի տնօրեն Արմաիս Կամալովը եւ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Մուրադյանը նշեց, որ հուշագրի շրջանակներում մասնավորապես ծրագրվում է զարգացնել բուժամանկավարժական, ինչպես նաեւ՝ մորֆոլոգիայի եւ ռադիոլոգիայի ոլորտում փոխգործակցությունը։ Այսպիսով, փաստաթուղթը երկու երկրների ուսանողների, օրդինատորների եւ երիտասարդ բժիշկների առջեւ բացում է համագործակցության նոր հնարավորություններ։

Ստորագրված հուշագիրն անժամկետ է։

«Կարծում եմ՝ ՄՊՀ-ի հետ մեր համագործակցությունը ավելորդ անգամ հաստատում է ԵՊԲՀ-ի ինտերնացիոնալացումն ու միջազգային ճանաչումը»,- նշեց Մուրադյանը։

Նա ուշադրություն դարձրեց այն բանին, որ երկու բուհերի միջեւ հաջողված փոխգործակցությունը տարիների փորձ ունի։ Այսպես, արդեն ավելի քան երկու տարի, ՄՊՀ-ի հետ համատեղ հանրապետության հեռավոր եւ բարձրլեռնային գյուղերում իրականացվում է «Հեռակարդիոլոգիան Հայաստանում» ծրագիրը։ Հեռուստակոմունիկացիոն տեխնոլոգիաների գործածությամբ կարդիոմոնիտորացման շնորհիվ հաջողվել է փրկել սրտի հետ կապված խնդիրներ ունեցող ավելի քան 55 մարդու կյանք։