Ինչպե՞ս տնային պայմաններում դեմքի մաշկը առողջ ու ձիգ պահել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ Աննա Մանուկյանը:

Կոսմետոլոգը նշում է, որ սառը եղանակին չի կարելի դեմքի խոնավեցնող քսուք օգտագործել, քանի որ դա չափազանց բացասաբար է անդրադառնում մաշկի վրա:

«Խոնավեցնող քսուքները պետք է միայն ամռանն օգտագործել», - ընդգծում է Մանուկյանը:

Դեմքին առողջ եւ փայլող տեսք տալու համար, պարտադիր չէ թանկարժեք միջոցներ գնել: Այնպիսի սովորական մթերքներ, ինչպիսին են օրինակ մեղրն ու կիտրոնը, նույնպես լավ կոսմետիկական ազդեցություն ունեն:

«Ես կանանց խորհուրդ եմ տալիս շաբաթվա ընթացքում մաշկը 2-3 անգամ խնամել: Բարձր տաիրքի կանանց կարելի է շաբաթը երկու անգամ 1 թեյի գդալ մեղրից, մի քանի կաթիլ կիտրոնի հյութից եւ ձիթայուղից դիմակ անել: 15-20 րոպեից այն պետք է տաք ջրով լվանալ: Այս պարզ դիմակը ձգում է մաշկը, այն էլաստիկ եւ հարթ է դարձնում», - պատմեց Մանուկյանը:

Լավ կոսմետիկ ազդեցության կօգնի հասնել հալվեի նյութը. այն հակաբորբոքիչ հատկություն ունի եւ հատկապես օգտակար է դեռահասների ակնեների ժամանակ:

Հայտնի է նաեւ, որ այն սպիտակեցնում է մաշկը: «40-ից հետո խորհուրդ եմ տալիս շաբաթը 1-2 անգամ դեմքին հում դեղնուցից եւ հալվեի հյութի մի քանի կաթլիով պատրաստված դիմակ քսել, 15-20 րոպեից տաք ջրով լվանալ», - ասաց փորձագետը:

Յուղոտ մաշկի խնամքի համար կարելի է սովորական խմորասնկեր օգտագործել: Դրանք պետք է գոլ ջրի մեջ լուծել, ավելացնել 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդի մի քանի կաթիլ, քսել դեմքին, թողել 15-20 րոպե, տաք ջրով լվանալ: հակաբորբոքիչ ազդեցություն ունեցող այս դիմակը կարելի է շաբաթը երկու անգամ անել:

Աչքերի շուրջ նուրբ մաշկի խնամքի համար կօգնի տաք ձիթայուղը. դրանով թրջելով բամբակե սկավառակները 15-20 րոպեով շաբաթը 2-3 անգամ կոմպրեսներ են անում:

Մանուկյանը բացասական գնահատական տվեց հայտնի բոտեքսին՝ նշելով, որ այն բացասաբար է ազդում մաշկի վրա եւ ամեն ամիս «գեղեցկության ներարկումների» կրկնություն է պահանջում:

Վտանգավոր են նաեւ դեմքի ձգման համար թելերը, որոնք կարող են բացասաբար ազդել մկանաթելերի վրա:

Մինչդեռ սննդային ժելատինից դիմակը կարող է հրաշալի փոխարինող լինել թանկարժեք միջոցներին:

«Ժելատինը պետք է գոլ ջրում լուծել, իսկ երբ այն ուռչի, մի փոքր ցինկի փոշի եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել: 15-20 րոպեից տաք ջրով լվանալ», - նշեց նա:

Կոսմետոլոգը կանանց խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դեմքի մաշկին, հատկապես կնճիռների առաջացման շրջանում:

 «Առաջին կամ միմիկական կնճիռների ժամանակ ես խորհուրդ եմ տալիս կետային մերսում: Սակայն միայն մասնագետը կարող է այն ճիշտ անել», - եզրափակեց Մանուկյանը: