Դիջեյ Վակցինան երգահան Դեր Հովան, Հասմիկ Կարապետյանը, դիջեյ Սերժոն, Նարինե Դովլաթյանը եւ Կարինե Արուստամյանի «The Band» խումբը երգելու են «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգին, որը կայանալու է մայիսի 31-ին սիրահարների այգում՝ «Առանց ծխախոտի միջազգային օրվա» շրջանակներում։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողներին պատմեց Արուսիկ Մկրտչյանը, ով ավելի հայտնի է որպես դիջեյ Վակցինա։
Համերգի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի եւ ծխախոտից զերծ մնալու քարոզն է, նշեց դիջեյը, եւ այդ քարոզը պետք է իրականացվի երիտասարդներին հասկանալի լեզվով՝ երաժշտության, ինտերակտիվ խաղերի, մրցանակների եւ լավ ժամանցի միջոցով։
«Իրազեկման համերգը», ինչպես այն անվանեց դիջեյ Վակցինան, տեւելու է մոտ 2-3 ժամ։ Մասնակցող երգիչները՝ հայկական շոու-բիզնեսի ամենավառ եւ ամենասիրված աստղերը, ինչպես նաեւ համերգի վարող Արտավազդ Դանիելյանը, առողջ ապրելակերպի կողմնակից են եւ չեն ծխում։
«Նրանք քարոզելու են առողջ ապրելակերպ, վնասակար սովորություններից զերծ մնալ եւ ամենակարեւորը ծխելուց զերծ մնալ, որովհետեւ, ինչպես գիտենք, ծխելը վնասակար սովորություններից ամենաազդեցիկն է», - նշեց դիջեյ Վակցինան։
«Առողջություն եւ զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը ասաց լրագրողներին, որ երիտասարդներից շատերը սկսում են ծխել, մտածելով, որ ծխախոտով նրանք կլինեն կամ կթվան ավելի ինքնավստահ եւ լուրջ, բայց իրականում դա այդպես չէ, եւ շոու-բիզնեսի աստղերը իրենց օրինակով ցույց կտան, որ հաջողակ լինելու եւ ինչ-որ բարձունքների հասնելու համար ծխելը պարտադիր չէ։ Դավիթ Պետրոսյանի կարծիքով, աստղերի օրինակը կարող է օգնել դեռահասներին չսկսել ծխել, քանի որ նրանք կհասկանան, որ ծխելը նրանց ոչինչ չի տա, բացի առողջական լուրջ խնդիրներից՝ հետագայում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը իր հերթին նշեց, որ իրենց հիմնադրամը արդեն 4 տարի շարունակ առողջ ապրելակերպի ծրագրեր եւ իրազեկման միջոցառումներ է իրականացնում։






