Կրծքագեղձի քաղցկեղով տառապող որոշ կանանց մոտ քիմիաթերապիայի պատճառով կարող է առաջանալ ուղեղի գործունեության փոփոխություն, նշել են բելգիացի հետազոտողները։

Նոր հետազոտությունը գլխավորած Սաբինա Դեպրեն եւ Լյովենի Կաթոլիկ համալսարանի Gasthuisberg կլինիկայից իր գործընկերները, օգտագործել են ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տտոմոգրաֆիան (ՄՌՏ) կանանց վիճակը քիմիաթերապիայի ընդունումից առաջ եւ հետո, ինչպես նաեւ նրանց եւ այլ կանանց վիճակը համեմատելու համար։

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող ութսուն կին, ովքեր քիմիթերապիա են ընդունել, անցել են ուղեղի ՄՌՏ սքանավորում՝ քիմիաթերապիայից առաջ բազմաթիվ առաջադրանքներ կատարելիս, այնուհետեւ՝ 4-6 ամիս անց։

Հետազոտությանը մասնակցել են նաեւ կանանց երկու վերստուգիչ խմբեր. առաջինում եղել են քիմիաթերապիա չընդունող, բայց կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք, իսկ երկրորդում՝ առողջ կանայք։

Հետազոտության վերջում վերստուգիչ խմբերից ոչ մեկի մոտ ուղեղի աշխատանքի նվազում չի նկատվել, այնինչ քիմիաթերապիա ընդունող կանանց մոտ ուղեղի ակտիվության պակաս է նկատվել, հայտնել են հետազոտողները։ Քիմիա ընդունող հիվանդներն իրենք նույնպես գանգատվել են «մտածողության մթագնումից»։

Սա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ քիմիաթերապիան կառուցվածքային փոփոխություններ է առաջացնում ուղեղում, բայց փորձագետները դրանում դեռ համոզված չեն։