Այսօր՝ դեկտեմբերի 1-ին 30-րդ անգամ նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, ինչի հետ կապված Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը եւ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել են Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ համաճարակի վերաբերյալ վերջին տվյալները:

Վարակման նոր դեպքերի աճի տեմպը սկսել է մի փոքր նվազել. ECDC տվյալներով՝ 2008 թվականին գրանցվել է 6,9 նոր դեպք 100 հազար մարդուն, իսկ 2017-ին՝ արդեն 6,2 դեպք:

Ամբողջ տարածաշրջանում, սակայն, շարունակում է լուրջ խնդիր մնալ ուշ ախտոոշումը. ՄԻԱՎ ախտորոշմամբ յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ  հիվանդությունը հայտնաբերվում է միայն այն ժամանակ, երբ այն արդեն  առաջընթաց փուլում է: 2017 թվականին ՁԻԱՀ-ի 10 ախտորոշումից 9-ը (89 տոկոս) կատարվել է ՄԻԱՎ ախտորոշման հաստատվելու պահից ընդամենը 90 օրում, ինչը ցույց է տալիս, թե հիվանդությունը որքան ուշ է հայտնաբերվել: Վաղ ախտորոշման դեպքում ՁԻԱՀ-ի դեպքերի մեծ մասից կհաջողվեր խուսափել:

Ամենամեծ թվով՝ ՄԻԱՎ 130 հազար նոր դեպքեր են գրանցվել տարածաշրջանի արեւելյան մասում, սա ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ ցուցանիշն է: Եվս մոտ 30 հազար նոր դեպք է բաժին ընկել տարածաշրջանի կենտրոնական եւ արեւմտյան մասերին: Այս ամենով հանդերձ՝ վարակվածների նվազագույնը 25 տոկոսը դեռեւս չգիտի, որ վարակված է:

Հետաքրքիր է նաեւ, որ վարակման դեպքերի 59 տոկոսը տեղի է ունեցել հետերոսեքսուալ շփումների ժամանակ, իսկ 38 տոկոսը՝ նույնասեռական: 2015 թվականի համեմատությամբ նույնասեռական շփումների ժամանակ վարակման դեպքերի թիվը 20 տոկոսվ նվազել է:

Նշվում է նաեւ, որ ՄԻԱՎ նոր դեպքերի 70 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց:

Դեռեւս 2014 թվականին UNAIDS-ը ՄԻԱՎ համաճարակի վերացման համար մշակել էր «90-90-90» ռազմավարությունը, որի համաձայն՝ 2020 թվականին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 90 տոկոսը իր կարգավիճակի մասին պետք է իմանա, ՄԻԱՎ ինֆեկցիայի ախտորոշմամբ բոլոր հիվանդների 90 տոկոսը պետք է մշտական հակառետրովիրուսային թերապիա ստանա, հակառետրովիրուսային թերապիա ստացող բոլոր հիվանդների 90 տոկոսի շրջանում պետք է դիտվի զրոյական վիրուսային բեռնվածություն:

Որոշ եվրոպական երկրներ արդեն հասել են «90-90-90» նպատակին, սակայն Հայաստանի նման երկրներում դեռեւս մեծ աշխատանքներ պետք է կատարվեն: