ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում հիմնանորոգված նոր լաբորատոր ենթակառուցվածք է բացվել:
Լաբորատորիայի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ սա երկրում միակ ռեֆերենս լաբորատորիան է, որտեղ կարող են որոշել ՄԻԱՎ ինֆեկցիայով հիվանդների իմունային կարգավիճակը, ինչպես նաեւ անցկացնել կլինիկա-լաբորատոր ու բիոքիմիական անալիզներ եւ կից հիվանդությունների հայտնաբերման հետազոտություններ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում, 1988 թվականից, հանրապետության քաղաքացիների շրջանում հայտնաբերվել է 3269 ՄԻԱՎ վարակի դեպք, որոնցից 361-ը ընթացիկ տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրականում մի քանի անգամ ավելի շատ են, պարզապես շատ մարդիկ դեռ չգիտեն, որ վարակված են:
Դեռեւս 2014 թվականին UNAIDS-ը ՄԻԱՎ համաճարակի վերացման համար մշակել էր «90-90-90» ռազմավարությունը, որի համաձայն՝ 2020 թվականին ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 90 տոկոսը իր կարգավիճակի մասին պետք է իմանա, ՄԻԱՎ ինֆեկցիայի ախտորոշմամբ բոլոր հիվանդների 90 տոկոսը պետք է մշտական հակառետրովիրուսային թերապիա ստանա, հակառետրովիրուսային թերապիա ստացող բոլոր հիվանդների 90 տոկոսի շրջանում պետք է դիտվի զրոյական վիրուսային բեռնվածություն:
Որոշ եվրոպական երկրներ արդեն հասել են «90-90-90» նպատակին, սակայն Հայաստանի նման երկրներում դեռեւս մեծ աշխատանքներ պետք է կատարվեն:
Սակայն լուրջ ձեռքբերումներ Հայաստանում այս ոլորտում եւս կան. Հայաստանն աշխարհի 4 երկրներից մեկն է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը: Դա կարևոր քայլ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին, որն ուղղված է ապահովելու բարեկեցություն և առողջություն բոլորի համար։






