Նորաստեղծ Զինվորական բժիշկների ասոցիացիայի ապագա ծրագրերում նախատեսված է համագործակցել բանակում ծառայելու ընթացքում վնասվաքներ ստացած զինվորականների համար միջոցներ տրամադրող միջազգային ապահովագրական հիմնադրամաների հետ։ Անհրաժեշտության դեպքում բուժումը կիրականացվի արտասահմանում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց նորաստեղծ Ասոցիացիայի ղեկավար, առողջապահության նախարարի զինվորական հարցերով խորհրդատու Ռուզաննա Խաչատրյանը։
«Ինձ հաճախ են խնդրել աջակցել այս կամ այն խնդրի լուծմանը։ Ես մտածեցի՝ եթե այդպես է, ապա ինչու չանել դա պաշտոնական մակարդակով»,-ասաց նա։
Պաշտպանության փոխնախարար Դավիդ Տոնոյանը համարում է, որ Զինվորական բժիշկների ասոցիացիայի ստեղծումը հիանալի հնարավորություն է չաշխատող բժիշկների համար, ովքեր ունեն աշխատանքային փորձ ինչպես գործնական, այնպես էլ գիտական ոլորտներում եւ կարող են այդ գիտելիքները ծառայեցնել պաշտպանության նախարարությանը։ «Ռազմական բժշկությունը այսօր մի շարք խնդիրներ ունի։ Ճիշտ լոբբինգի շնորհիվ կարելի է լուծել այս խնդիրները»,-ասաց նա NEWS.am Medicine-ի թղթակցին։
Ո՞վքեր են անդամկցելու Ասոցիացիային։ Ռուզաննա Խաչատրյանի խոսքով, դրանք կլինեն բուժհաստատություններում աշխատող առողջապայհության ներկայացուցչիներ, եւ վերջիվերջո, սովորական քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են այս հարցերով։ Ինչպես նշեց Ռ. Խաչատրյանը այս կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ։ Այն ստեղծվել է համախմբելու համար այն բժիշկներին, ովքեր կարող են գործել աշխատանքից դուրս, ավելի հանգիստ մթնոլորտում, կարող են մի շարք որոշումներ ընդունել։ Ասոցիացիան կոլեգիալ կառավարման համակարգ ունի, որի կազմի մեջ մտնում են հարգարժան մարդիկ՝ բժշկական համալսարանի աշխատակիցներ, ռազմական կառույցների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, գիտական աստիճան ունեցող, ինչպես նաեւ արդեն թոշակառու բժիշկներ։
Ասոցիացիայի ապագա ծրագրերից է միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններ եւ կապեր հաստատելը։ Հավանաբար, մինչեւ տարվա վերջ մի համագումար կանցկացվի, որտեղ հրավիրած կլինեն ռազմական բժիշկներ ամբողջ աշխարհից։






