ՀՀ կառավարությունն այօրվա՝ դեկտեմբերի 6-ի իր նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար կատարվող գնումների պլանում կարող են ընդգրկվել նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետության կարիքների համար կիրառվող չգրանցված դեղեր:
Նախագծում նշվում է, որ այդ դեղերը ունեն արտադրողի երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում:
Նշենք, որ այդ դեղերի գնման ընթացակարգի հրավերով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մատակարարը որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավորվում է ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ կողմից տրված տեղեկանք՝ արտադրող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի առկայության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորում անցած և (կամ) գրանցված են Եվրոպական միության անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում գրանված լինելու վերաբերյալ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումների մասնակցության հնարավորության որոշակի սահմանափակման խնդրով:
Նշվում է, որ ՀՀ-ում դեղերը կարող են գրանցվել միայն օրենքով սահմանված փաստաթղթերի փաթեթի առկայության դեպքում` բացառապես դեղերը արտադրողի կամ իր կողմից պատշաճ լիազորություններ ստացած անձի կողմից:
Նշված հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանաջարկ ունեցող դեղերի ֆիզիկական հասանելիության և հիվանդներին պատշաճ մակարդակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հարցում:
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է խոշոր դեղարտադրող ընկերությունների համար փոքր շուկա, ինչի արդյուքում կենսականորեն անհրաժեշտ, սակայն ցածր պահանաջարկ ունեցող դեղերը չեն գրանցվում Հայաստանի Հանրապետությունում` մարկետինգային նկատառումներից ելնելով, սակայն առկա են բազմաթիվ դեղեր, որոնք ընդգրկված են բուժական սխեմաներում և պարտադիր են օգտագործման համար:
Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիութունն ապահովելու նպատակով, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, 6-րդ կետի, 4-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել չգրանցված դեղեր` պետության կարիքների կամ առանձին հիվանդների համար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով, որոնք բացառապես նախատեսված են անվճար տրամադրելու համար:
Այսպիսով, մատակարարների շրջանակը ընդլայնելու նպատակով հնարավորություն է ստեղծվել մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել նաև չգրացված դեղերի մասով, սակայն, մյուս կողմից, նույն Որոշման հավելվածի 2.2 կետը սահմանափակում և խոչընդոտում է մատակարարների մասնակցությունը, որը Առողջապահության նախարարության կարիքների բավարարման համար անարդյունավետ է:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց. «Ինձ զեկուցեցին, որ խոսքը հատկապես օնկոլոգիական հիվանդների համար օգտագործվող դեղերի մասին է: Իսկ ընթացակարգերի պարզեցումը չի հանգեցնի նրան, որ կասկածելի որակով դեղեր հայտնվեն մեր շուկայում»:
Առողջապահության փոխնախարարը նշեց, որ որեւէ ներկրող չի կարող այդ դեղերը ներկրել ու ազատ վաճառել, այդ միջոցառումը նախատեսվում է բացառապես պետության կարիքների համար գնվող եւ բնակչությանը անվճար տրամադրվող դեղերի համար. «Խոսքը փոքր պահանջարկով դեղերի մասին է, որոնց վերաբերյալ մատակարարները հետաքրքրություն չունեն, օրինակ մանկական օնկոլոգիական դեղերի դեպքում»:






