Փոքրիկ Կիարան ընդամենը 14 օր է ապրել: Նրա մահվան պատճառը հարազատներից մեկի համբույրն էր:

Կիարայի ծնողները՝ 30-ամյա Քելլի Ինեսոնը եւ 26-ամյա Թոմաս Քամինսը, պատմել են, որ ծննդաբերությունից 2 օր անց մայրը եւ նորածին աղջիկը տուն են վերադարձել: Կարծես թե ամեն ինչ լավ էր, բայց շուտով մայրը եւ դուստրը նորից հիվանդանոցում են հայտնվել, քանի որ երեխան հանկարծակի սկսել է քաշը կորցնել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ աղջկա մոտ հերպես է եւ արդեն արյան վարակ է սկսվել: Ըստ բժիշկների, աղջկան, հավանաբար, հարազատներից մեկը համբույրի միջոցով վարակել է:

Սկզբում աղջկան միացրել են կենսապահովման սարքին, սակայն շուտով պարզ է դարձել, որ եթե անգամ երեխան ապրի, նրա ուղեղը ուժեղ վնասված կլինի:

Երկու շաբաթ անց ծնողները որոշել են դադարեցնել ապրելու համար այդ տանջալից պայքարը: Աղջկան անջատել են կենսապահովման սարքից:

«Անգամ ամենավատ երազում չէի կարող տեսնել, որ երեխաս համբույրի պատճառով կմահանա», - խոստովանել է աղջկա մայրը:

Այժմ բրիտանուհին նորածինների համար հերպեսի վտանգի մասին տեղեկություններ է տարածում:

Մասնագետներն իրենց հերթին մարդկանց կոչ են անում չհամբուրել ուրիշների երեխաներին. Չափահասը կարող է անգամ չնկատել, որ հերպես ունի, մրսածություն կամ այլ վարակ, բայց դեռ թույլ օրգանիզմի համար այդ վարակը կարող է մահացու լինել: