Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի նիստում որոշում կայացրեց, որով սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ընդգրկեց նաեւ առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողներին: Հարցը ներկայացրեց առողջապահության նխարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ներկայումս պետական մարմինների, կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների բազմաթիվ կազմակերպությունների աշխատողներ ներառված են սոցփաթեթի շահառուների շարքում, իսկ առողջապահական ոլորտի կազմակերպությունների աշխատողները ներառված չեն, որը անհավասարության և բազմաթիվ դժգոհությունների ալիք է բարձրացրել, հատկապես հաշվի առնելով ոլորտի կարևորությունը, բուժաշխատողների կատարած աշխատանքի բնույթն ու ծավալը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, հնարավորության սահմաններում, անհրաժեշտություն է առաջացել առողջապահական ոլորտի առանձին կազմակերպությունների և առանձին ծառայություններ մատուցող անձնակազմի աշխատողներին ներառել Ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող շահառուների ցանկում և նրանց համար նույնպես ձեռք բերել առողջության ապահովագրության փաթեթներ: Առաջարկվում է վերանայել Ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների ցանկը՝ այդ ցանկում սոցիալական փաթեթի շահառուներից բացի ներառել և առողջապահական փաթեթներ ձեռք բերել. մարզերում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ա. միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (բացառությամբ միայն ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների) աշխատողների համար, բ. 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող բժշկական կենտրոններում հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնողբոլոր աշխատողների համար, 2) Երևան քաղաքում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ա. միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների բոլոր աշխատողների համար(բացառությամբ միայն ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների), բ. 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներին»: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի շուրջ 15,000 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Միաժամանակ որոշման նախագծով ծրագրի իրականացման արդյունքում մարզերում գործող կազմակերպություններում աշխատողների համար կստեղծվեն ավելի գրավիչ պայմաններ: Արսեն Թորոսյանը նշեց, որ այս որոշումը բյուջեի վրա լրացուցիչ ծախս չի ենթադրում, քանի որ տեսնելով, որ ապահովագրական ընկերությունների շահութաբերությունը շատ մեծ է, իրենք այդ միջոցներն ուղղել են այն նպատակին: