Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալերի՝ աշխարհում երեխաների մահացությունների մեկ երրորդը ինֆեկցիոն վարակների պատճառով է։ Դրա դեմ դեռեւս պատվաստում չկա, քանի որ գիտնականները չեն հասկանում, թե ինչու են երեխաները այդքան արագ «կորցնում» իրենց իմունիտետը։

Մայիս ամսին Immunology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ երեխաները հաճախակի հիվանդանում են, քանի որ նրանց իմունային համակարգը շատ մոռացկոտ է։  Հետազոտողները առաջարկում են մի նոր տեսակետ, ըստ որի իմունիզացիաները կարող են ավելի լավ պաշտպանել նորածիններին եւ երեխաներին վարակիչ հիվանդություններից։  Իմունիզացիաները խթանում են մեր իմունային համակարգը՝ նրան «սովորեցնելով» հիշել պաթոգենները, հաղորդում է Daily Mail-ը։

«Եթե պատվաստում լիներ, ապա պատվաստման մեկ չափաբաժինը կարող էր խթանել նորածին երեխայի՝ ավելի ուժեղ իմունային համակարգի ձեւավորումը, բայց նման պատվաստում դեռ գոյություն չունի»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, իմունոլոգ Բրայան Ռադը՝ Միչիգանի համալսարանի Անասնաբուժության քոլեջից։

«Մեր բացահայտումը կարող է օգնել ավելի բարձրացնել երեխաների  իմունիտետը հենց վաղ տարիքից»,-ասել է Ռադը։

Շատ մանրէների դեմ մեր իմունային համակարգը պայքարում է T բջիջների միջոցով. այս բջիջները հիշում են որոշ պաթոգեններ եւ կանոնավոր կերպով հետագա վարակների դեպքում բջիջները արագ հակազդում եւ կանխում են վարակի տարածումը։ Մեծահասակների օրգանիզմը մշտապես արտադրում է  մեծ քանակությամբ T բջիջներ, որոնց 10 տոկոսը երկարաժամկետ մնում է բջիջների հիշողության մեջ, եւ հաջորդ վարակի դեպքում դրանք արագ արձագանքում են։

Մկների վրա փորձարկում կատարելիս, Ռադը հայտնաբերել է, որ նորածին մկների մոտ T բջիջներ ավելի արագ են  հակազդում վարակներին, քան տարեց մկների դեպքում։ Բայց նորածինների T բջիջները ավելի շուտ են մահանում՝ չհասցնելով պահպանել իրենց սովորածը բջիջների հիշողության մեջ։

Այժմ հետազոտողների այս թիմը փորձում է գտնել բջիջների նման վարքագիծը փոխելու միջոցներ։

«Մենք հուսով ենք, որ կգտնենք մի ճանապարհ, որով կստիպենք նորաստեղծ բջիջներին գործել այնպես, ինչպես մեծահասակներինը, եւ սովորել, թե ինչպես են չափահասների բջիջները ընդունում պատվաստումները եւ հակազդում վարակներին»,-ասել է Ռադը։

Այս հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ավելի ազդեցիկ թերապեւտիկ միջամտություններ եւ պատվաստումներ ստեղծելու համար, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի վաղ տարիքում։