Տղամարդը, ով 8 տարեկանից տառապում է պոռնոկախվածությամբ, Metro-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր կյանքի պատմությունը։
Ջեյ Քեյ Էմեզիի կյանքը փոխվել է այն բանից հետո, երբ 8 տարեկանում նա պատահաբար գտել է իր դայակի անպարկեշտ կոմիքսները։ Անվայելուչ նկարները նրա մոտ ուժեղ գրգռվածություն են առաջացրել, եւ մեծերի համար նախատեսված կոմիքսներ կարդալու սովորությունը մնացել է մինչեւ 14 տարեկանը։
Այնուհետեւ պատանին անցել է պոռնոֆիլմերի դիտմանը, եւ արդեն 17 տարեկանում նրա մոտ պոռնոկախվածության էրեկտիլ դիսֆունկցիա (PIED) է ախտորոշվել։ Դա նշանակում է, որ նա կարող էր գրգռվել միայն ինքնաբավարարման եւ պոռնոգրաֆիա դիտելու միջոցով։
Ջեյ Քեյը խոստովանում է, որ դրա հետեւանքով ինքը, մշտապես ամոթ եւ սոցիալական տագնապ է ապրել, ինչպես նաեւ ցածր ինքնագնահատական է ունեցել։ Սոցիալական տագնապի զգացողության պատճառով Ջեյ Քեյի մոտ չեն ստացվել կանանց հետ հարաբերությունները։
22 տարեկանում նա փորձել է ժամադրություն կազմակերպել սեքս-ծանոթությունների անանուն կայքի միջոցով, սակայն երբ տեղ է հասել, անհայտ անձը կոտրել է նրա մեքենայի ապակին։ Համոզվելով, որ իր սեքս-թմրամիջոցը լուրջ հետեւանքներ ունի, երիտասարդը համակարգչից ջնջել է բոլոր պոռնոնյութերը։
Ջեյ Քեյը հաստատակամորեն որոշել է վերանայել իր կյանքը եւ լրջորեն զբաղվել է մարզումներով՝ «մինչեւ լիակատար ուժասպառություն»։ Երիտասարդը որոշել է առողջ ապրելակերպ վարել, իսկ իր բոլոր զգացմունքները գրի է առել օրագրում։ «Ես հասկացա, որ պոռնոյով երկար տարիների գայթակղությունն իմ մեջ ոչնչացրել է էմպատիայի զգացումը։ Ինձ անհրաժեշտ եղավ մի քանի ամիս, որպեսզի կնոջն ընդունեմ որպես մարդու եւ ոչ թե որպես սեքսուալ վայելքի օբյեկտ»,- նշել է նա։
Ոգեշնչված իր հաջողություններով՝ Ջեյ Քեյը ստեղծել է Elevated Recovery ընկերությունը, որը մասնագիտական օգնություն է ցուցաբերում պոռնոկախվածությամբ մարդկանց։






