Ամանորյա տոներին Երեւանի բոլոր պոլիկլինիկաներում հերթապահություններ կսահմանվեն. դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը՝ ամեն օր 11:00-ից մինչեւ 15:00-ը, կլինեն հերթապահ թերապեւտներ եւ մանկաբույժներ: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերով համակարգող Անահիտ Չախիֆալակյանը:

Մասնագետը երեւանցիներևին կոչ արեց անհրաժեշտության դեպքում դիմել պոլիկլինիկաներ, իսկ շտապ օգնության ծառայությանը միայն ծայրահեղ դեպքում:

Պոլիկլինիկաներ, մասնավորապես, պետք է դիմել ՍՇՎ, գրիպի եւ այլ խնդիրների դեպքում, որոնք անհետաձգելի օգնություն կամ հոսպիտալացում չեն պահանջում:

«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ընդգծեց, որ տոն օրերին շտապ օգնության ծանրաբեռնվածությունն ավելանում է. շատերը չցանկանալով պոլիկլինիկա գնալ, շտապ օգնություն են զանգում, թեեւ շտապ օգնության կարիք չունեն եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Այս ամենը բարդացնում է շտապօգնության աշխատանքը, եւ նման կոչերի պատճառով բրիգադներին դժվար է հասնել շտապ օգնության կարիք ունեցող հիվանդներին:

 Ամանորյա տոների ընթացքում գրիպով եւ ՍՇՎ-ով չվարակվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս փորձել չշփվել հիվանդ մարդկանց հետ, հագնվել ըստ եղանակի, հաճախ օդափոխել սենյակները եւ լվանալ ձեռքերը:

Այսպես կոչված ռիսկի խմբերի (երեխաներ, հղի կանայք, 65 տարեկանից մեծ մարդիկ, քրոնիկ  հիվանդություններ ունեցող մարդիկ) մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ: Եթե պատվաստումներից հետո նրանք հիվանդանան, ապա հիվանդությունը ավելի հեշտ եւ առանց լուրջ բարդությունների կընթանա:

Եթե դուք արդեն վարակվել եք գրիպով կամ ՍՇՎ-ով, բարդություններից խուսափելու համար ինքնաբուժությամբ մի զբաղվեք, դիմեք բնակավայրի պոլիկլինիկային: