Այս շրջանում Երեւանի շտապօգնության ծառայությունն օրական ստանում է շուրջ 700 կանչ: Երբեմն այս թիվը հասնում է 750-ի, սակայն դեկտեմբերի 23-ին ծառայությունը ստացել է 792 զանգ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Շտապ օգնությունն» ՓԲԸ-ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ շտապ օգնության կանչերից միայն 15 տոկոսի դեպքում հիվանդներն իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեին եւ հոսպիտալացվել են: Մնացածները լիովին կարող էին դիմել բնակության վայրի պոլիկլինիկա:
792-ը, իհարկե, կանչերի ռեկորդային թիվ չէ. այս տարի եղել են նաեւ օրեր, երբ ծառայությունը ավելի քան 800 զանգ է ստացել, իսկ երբեմն նրանց թիվը հասել է նաեւ 1000-ի: Կանչերի նման քանակի դեպքում շատպ օգնության բրիգադները ստիպված են լինում առանց մեկ րոպե հանգստի աշխատել, ավելին՝ կանչերի մեծ քանակը կարող է ազդել նաեւ մասնագետների աշխատանքի որակի վրա:
Թագուհի Ստեփանյանը Երեւանի բնակիչներին կոչ արեց շտապ օգնություն զանգահարել միայն այն դեպքերում, երբ հիվանդը շտապ բժշկական օգնության կարիք ունի. դրանք ուղեղի կաթվածներն են, սրտի կաթվածները, ճանապարհատրանսպորտային պատահարների կամ տնային պայմաններում ստացված լուրջ վնասվածքները, ուշաթափությունը, ինչպես նաեւ երեխաների 38.5 եւ բարձր ջերմաստիճանը:
Եթե մարդուն անհանգստացնում է ատամնացավը կամ ՍՇՎ նախանշանները կամ 37.5 ջերմաստիճանը, պետք չէ շտապ օգնություն կանչել. անհրաժեշտ է պոլիկլինիկա դիմել:
Եթե շտապ օգնության բրիգադները զբաղվեն ոչ այնքան բարձր ջերմություն ունեցող հիվանդներով, նրանք կարող են ուշանալ ուղեղի կամ սրտի կաթված ունեցող հիվանդներին հասնելուց եւ դա կարող է վերջիններիս համար կյանքի գին արժենալ:
Հիշեցնենք, որ ամանորյա տոներին Երեւանի բոլոր պոլիկլինիկաներում հերթապահություններ կսահմանվեն. դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը՝ ամեն օր 11:00-ից մինչեւ 15:00-ը, կլինեն հերթապահ թերապեւտներ եւ մանկաբույժներ:






