Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակամորթ կանայք, ովքեր մինչեւ 20 տարեկանը հինգ եւ ավելի անգամ շատ ուժեղ արեւային այրվածքներ են ստացել, նրանց մոտ մելանոմայի առաջացման վտանգը 80%-ով ավելի շատ է։
Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտաշխատողները 20 տարի ուսումնասիրել են կովկասյան ռասային պատկանող կին-բուժքույրերի։ Համաձայն մամլո հաղորդագրության՝ մինչ հետազոտությունը սկսելը մասնակիցները ներկայացրել են իրենց բժշկական պատմությունը եւ մաշկի քաղցկեղի առաջացման վտանգի գործոնները. դրանք են՝ ոտքերի վրա խալերի թիվը, 15-20 տարեկան հասակում արեւային այրվածքներից ի հայտ եկած փուչիկների քանակը եւ նրանց ընտանիքներում մելանոմայի պատմությունը, հաղորդում է Medical Daily-ին։
Արդյունքները ցույց են տվել, որ 15-20 տարեկան հասակում արեւային առնվազն հինգ լուրջ այրվածք ունեցող կանանց մոտ բազալ բջջային կարցինոմայի (ԲԲԿ) առաջացման վտանգը 68%-ով, իսկ սովորական մելանոմայի զարգացման վտանգը՝ 80%-ով ավելի բարձր է եղել։ Զարմանալի է, բայց 20 տարեկանից հետո արեւային լուրջ այրվածքներ ստացած կանայք նման հակվածություն չունեն։
Համարվում է, որ մելանոման առաջանում է արեւի կարճ, բայց ինտեսնիվ ազդեցության պատճառով, ինչի հետեւանքով արեւայրուքի փոխարեն, փուչիկներ են ի հայտ գալիս։ Մելանոմայի առաջացման վտանգը կախված է գենետիկ եւ էկոլոգիական գործոնների համադրությունից։ Օրինակ, շիկակարմիր մազեր ունեցող մարդիկ ավելի շատ խալեր ունեն մարմնի վրա, եւ նրանց մաշկը ավելի շուտ է այրվում, այդ պատճառով նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում պետք է խուսափեն երկար ժամանակ արեւի տակ մնալուց՝ անկախ նրանից, թե երիտասարդ տարիքում լուրջ այրվածքներ ստացել են, թե ոչ։ Դժբախտաբար, մենք բոլորս էլ շատ հաճախ արեւային այրվածքներ ենք ստանում։ Ըստ մաշկի քաղցկեղի հիմնադրամի անցկացրած հարցմանը՝ մասնակիցների 42 տոկոսը խոստովանել է, որ տարեկան առնվազն մեկ անգամ ստացել է արեւային լուրջ այրվածքներ։ Այս նոր հետազոտությունը ցույց է տվել, որ թեպետ բոլոր մարդիկ էլ պետք է խուսափեն արեւի չափից շատ ազդեցությունից, այն հատկապես ավելի կարեւոր է վաղ տարիքում։
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է։ Մելանոման իր տեսքով խալերի է նման, բայց հետո զարգանալով դառնում է չարորակ ուռուցք։ Եթե հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշվի եւ բուժում սկսվի, ապա այն լիովին կբուժվի։






