Սեռով պայմանավորված աբորտները հասարակության լուրջ հիվանդության ախտանիշ են։ Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում արտահայտեց Վորլդ Վիժնի ամերիկյան գրասենյակի գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը։

Հիշեցնենք, որ Վորլդ Վիժնը մայիսի 2-ին նոր ծրագիր է սկսել, որը կոչվում է «Պայքար Հայաստանում սեռով պայմանավորված բռնությունների և աբորտների դեմ»։ Ծրագիրն իրականացվում է բրազիլական «Պրոմունդո» կազմակերպության եւ համաշխարհային «Մենինգեյջ» դաշինքի հետ համատեղ եւ կոչված է պայքարել սեռով պայմանավորված աբորտների դեմ, որոնց պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1400-1500 աղջիկ։

Ինչպես մեզ պատմեց Եվա Ավագյանը, ծրագրի շրջանակներում նրանք փորձելու են հասկանալ, թե որտեղից է գալիս այս խնդիրը եւ ինչ է թաքնված հայերի՝ տղա երեխա ունենալու ցանկության ետեւում։ Ամենայն հավանականությամբ, մեր հասարակության մեջ կանանց եւ աղջիկներին չգնահատման, անհավասարության խնդիր կա, կարծում է Եվա Ավագյանը։ Նույնիսկ անունները, որոնք ծնողներն ընտրում են իրենց երեխաների համար, փաստում են այդ մասին. աղջիկներին հաճախ անվանում են Բավական, Հերիքնազ, իսկ տղաներին՝ օրինակ, Նվեր։

Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում, ի տարբերություն որոշ այլ երկրների, աղջիկ երեխաներին իրականում սիրում են, բայց դա չի նվազեցնում սեռով պայմանավորված աբորտների թիվը։

«Երբ աղջիկները ծնվում են, նրանց սիրում են։ Բայց խնդիրն այն է, որ նրանք չեն ծնվում։ Դա լուրջ խնդիր է՝ տարեկան մոտ 1500 աղջիկ ուղղակի չի ծնվում։ Եթե այսպես շարունակվի, մոտակա 20 տարվա մեջ 90 000 կին չի ծնվելու», - ասաց Եվա Ավագյանը, ավելացնելով, որ դա շատ լուրջ սոցիալական եւ ժողովրդագրական խնդիր է Հայաստանի համար, քանի որ տարիներ անց կանանց՝ ապագա մայրերի լուրջ պակասություն կզգացվի։

Ի դեպ, նման խնդիրներ կան նաեւ մի շարք այլ երկրներում։ Հայաստանը տղա երեխաների ծնունդների հարաբերական թվով երրորդն է աշխարհում. Առաջին տեղում է Չինաստանը, երկրորդն Ադրբեջանն է, երրորդը՝ Հայաստանը։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է անգամ Հնդկաստանին։

Ինչպես նշեց Եվա Ավագյանը, ծրագրի շրջանակներում աշխատանքներ են անցկացվելու ընտանիքների հետ եւ քննարկումներ՝ փոքր խմբերում։ Այդ քննարկումների ընթացքում բարձրացվելու են կարեւոր հարցեր՝ կանանց եւ տղամարդկանց դերերի մասին, ինչպես նաեւ փորձելու են հայրերին ընդգրկել երեխաների խնամքի գործում, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ այն ընտանիքներում, որտեղ հայրերը մասնակից են երեխայի կյանքին, երեխաները ավելի առողջ, հոգեպես կայուն եւ ընդունակ են լինում։

Ի դեպ, նման ծրագրեր գործում են նաեւ այլ երկրներում. Ալբանիայում, օրինակ, սեռով պայմանավորված աբորտների խնդիրը նույնպես ակտուալ է, եւ այնտեղ ծրագիրն արդեն գործում է։ Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց ինչ-որ փոփոխություններ նկատվում են։ Բացի այդ, Եվա Ավագյանի խոսքով, այնտեղ նկատելիորեն նվազել է բռնությունը ընտանիքներում, եւ շատ տղամարդիկ հասկացել են, որ բռնությունն ու ուժը նրանց առնականությանը ապացույցը չեն։

«Ամեն տարի ապրիլին մենք խոսում ենք եղեռնի եւ այն ճանաչելու մասին, բայց չէ՞ որ սա էլ է եղեռն, որը մենք մեր ձեռքերով ենք իրականացնում։ Մենք մեր ազգը վերացնում ենք», - ասաց Եվա Ավագյանը։