NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Սոցմեդիկան» ընկերության փոխտնօրեն Ռոբերտ Մանուկյանն անդրադարձել էր Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով մտնել հայաստանյան դաշտ։ Նա բարձրացրել էր նաև համակարգին վերաբերող մի շարք հարցեր, որոնց հետ կապված NEWS.am Medicine-ը պարզաբանումներ ստացավ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանից։
Նա նախ պարզաբանեց, որ էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման փոխանցելու նպատակով ՀՀ կառավարության հայտարարած մրցույթի հաղթող է ճանաչվել ոչ թե միայն շվեյցարական «Sylex SARL» ընկերությունը, ինչպես նշվում է, այլ «Sylex SARL»-ի և հայկական «Մեյսիս Ապահով» ընկերությունից բաղկացած համատեղ ձեռնարկությունը։
«Էլեկտրոնային առողջապահության համակարգը պատկանում է պետությանը, իսկ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունն իրականացնում է համակարգի պահպանումը, սպասարկումը և բարելավումը։ Ընկերությունն ստեղծվել է 2017 թվականին՝ հենց այդ նպատակով։ Օպերատորի ստեղծումը եղել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու նպատակով ՀՀ կառավարության հայտարարված մրցույթի և հաղթողի հետ կնքված պայմանագրի պայման»,- ներկայացրեց նա։
Պարոն Մանուկյանը բացառեց նաև այն պնդումը, թե պետպատվեր կատարող բուժհաստատությունների վճարումները փոխանցվում են «Sylex SARL»-ին։ «Դա իրականությանը չի համապատասխանում։ Բուժհաստությունների և օպերատոր ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի համաձայն՝ գումարները փոխանցվում են օպերատոր ընկերությանը, որոնք ուղղվում են համակարգի պահպանման, սպասարկման և բարելավման ծախսերին։ Իսկ ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի արդյունքները հրապարակված են ընկերության կայքում»,-պարզաբանեց Ավետ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգին դեղատների միանալու հավանական բարձր սակագներին, Ավետ Մանուկյանը նշեց, որ այդ մասով փաստացի գնային քաղաքականությունը դեռևս որոշված չէ։
«Ինչպես տեղյակ եք, էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը հետաձգվել է, և որևէ դեղատան կողմից որևէ վճարում արված չէ։ Վերջնականապես որոշված չէ նաև գնային քաղաքականությունը։ Հետևաբար, հրապարակման մեջ տեղ գտած թվերը չեն կարող իրական լինել և կարծես թե ավելի շատ մոլորեցնելու նպատակ ունեն։ Ասեմ նաև, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումից հետո օպերատորը պարտավորվել է նախնական որոշակի ժամանակահատվածի համար դեղատոմսի թողարկման անվճար ծառայություններ մատուցել։ Դրանից հետո միայն, հաշվի առնելով ամսական միջին դեղատոմսերի քանակը, կառավարության հետ բանակցությունների արդյունքում կորոշվի տվյալ ծառայության վերջնական սակագինը։
Առհասարակ, սակագների մասով ասեմ, որ օպերատորը չի կարող իր հայեցողությամբ, անհիմն կերպով սակագներ բարձրացնել։ Ուստի ինչ-ինչ երևակայական կոռուպցիոն սխեմաների մասին ենթադրությունները նույնպես իրականության հետ կապ չեն կարող ունենալ»,-ասաց Ավետ Մանուկյանը։
Ավետ Մանուկյանը վստահեցրեց նաև, որ ծրագրային ապահովման նախնական գաղտնագրերին, տվյալների բազային եւ eHealth համակարգի տեխնիկական սպասարկման բոլոր հրահանգներին պետությունը հասանելիություն ունի, և դրանք չեն կարող Sylex SARL-ի կամ որևէ այլ ընկերության բացառիկ վերահսկողության ներքո գտնվել։ «Մրցույթի պահանջներին համապատասխան՝ բոլոր տվյալները փոխանցվել են պետությանը»,-նշեց նա։
Ավետ Մանուկյանը նշում է, որ Հայաստանում ներդրված էլեկտրոնային առողջապահության համակարգը մշակված է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Էրիքսոն» ընկերության կողմից՝ «Մեյսիս Ապահով» ընկերության մասնակցությամբ և ներառում է ոլորտում օգտագործվող նորարարական բոլոր լուծումները։ Բացի այդ, համակարգը մշտապես թարմացվում է՝ հաշվի առնելով տեխնոլոգիական վերջին զարգացումները։ Նմանատիպ համակարգեր «Էրիքսոնի» կողմից ներդրվել են նաև մի շարք երկրներում։






