Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին վաղուց է խոսվում: Վերջերս ապահովագրության հարցը բարձրացրեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս գործընթացը երկարատեւ է ու դժվարին, եւ կան մեծ թվով հարցեր ու խնդիրներ, որոնք պետք է պարզել ապահովագրության ներդրման ճանապարհին:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» լայվի ժամանակ ներկայացրեց, թե ինչ է արվում երկրում բժշկական ապահովագրության ներդրման համար, եւ այս պահին ինչ է հայտնի:

Նախարարի խոսքով՝ բժշկական ապահովագրության ներդրման նպատակները մի քանիսն են.

  • Ամբողջ բնակչության համար բժշկական ծառայությունների որակի եւ մատչելիության ապահովում,
  • Առողջապահության ոլորտի ֆինանսավորման համար նոր միջոցների ներգրավում,
  • Բժշկական ծառայությունների որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում,
  • Առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում եւ ստվերային շրջանառության կրճատում:

Նախարարի խոսքով՝ բժշկական ապահովագրության ներդրումը կօգնի սոցիալական արդարության նոր մակարդակ ապահովել. երկրի քաղաքացիների շրջանում կան առողջ եւ հիվանդ մարդիկ, երիտասարդներ եւ տարեցներ, երեխաներ եւ թոշակառուներ: Եթե ապահովագրությունը բոլորի վրա տարածվի, դա կօգնի նրանց բոլորին ապահովել բժշկական ծառայություններով. երիտասարդների եւ առողջների վճարումների հաշվին հիվանդները կկարողանան բուժում ստանալ:

Ինչպես նշեց նախարարը, որպեսզի առողջության ապահովագրումը սկսի գործել ամբողջ երկրում եւ տարածվի բնակչության բոլոր խմբերի վրա, քիչ ժամանակ չի պահանջվում: Այն երկրներում, որտեղ բնակչության 95 եւ ավելի տոկոսն ապահովագրված է, ապահովագրության համակարգը գործում է արդեն 15-20 տարի, իսկ երբեմն էլ՝ նաեւ ամբողջ 100 տարի:

Ապահովագրությունն առաջին հերթին կսկսի գործել մարդկանց երկու խմբի համար.

  • Պաշտոնապես աշխատող քաղաքացիներ
  • Պետական պատվերով բուժծառայություններ ստացող քաղաքացիներ

2021 թվականից գոնե այս երկու խմբերի մարդիկ  բժշկական ապահովագրություն կունենան, իսկ ժամանակի ընթացքում այն կտարածվի նաեւ մարդկանց այլ խմբերի վրա:

Համընդհանուր ապահովագրության ներդրմանն, ըստ նախարարի, շատ գործոններ են խանգարում, այդ թվում այն, որ շատ մարդիկ գրանցված աշխատանք եւ եկամուտներ չունեն, երկրում ստվերային շրջանառությունը բարձր է:

Ո՞վ է վճարելու ապահովագրական վճարները:

Այն մարդկանց ապահովագրությունը, որոնց համար պետպատվեր է նախատեսված, պետբյուջեից առողջապահության համար հատկացվող միջոցներից կշարունակի վճարել պետությունը: Ինչ վերաբերում է պաշտոնական աշխատանք ունեցող քաղաքացիներին, նրանք կամ նրանց գործատուները, ամենայն հավանականությամբ, աշխատավարձից որոշակի տոկոս են վճարելու:

Նախարարի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր մոդելներ են գործում. ինչ-որ տեղ ապահովագրական վճարները ամբողջությամբ գործատուն է վճարում, ինչ-որ տեղ աշխատակիցը, ինչ-որ տեղ երկուսն էլ՝ հավասար չափով:

Այլ քաղաքացիներին՝ ապահովագրություն ունեցող անձանց ընտանիքի անդամներին, գյուղատնտեսությամբ զբաղվող եւ մշտական եկամուտ չունեցող անձանց, գործազուրկներին, թոշակառուներին, ուսանողներին եւ այլ մարդկանց ապահովագրություն տրամադրելու հարցերը դեռ քննարկումների կարիք ունեն:

Խոսելով ապահովագրական վճարների հավաքման մեխանիզմների մասին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ նոր մեխանիզմներ մշակելը հազիվ թե իմաստ ունի. կարելի է նույն մեխանիզմներն օգտագործել, որոնք կիրառվում են այլ հարկերի հավաքման ժամանակ:

Հավաքված գումարները կփոխանցվեն ապահովագրությամբ զբաղվող կազմակերպությանը:

Դեռ հայտնի չէ, թե ինչ կառույց է դա լինելու, բայց ԱՆ-ն առաջարկում է, որ ապահովագրությամբ զբաղվի մեկ, այլ ոչ թե մի քանի հանրային մարմին:

Հայաստանի նման երկրներում ապահովագրության կազմակերպումը մասնավոր ընկերություններին վստահելը, ինչպես ցույց է տալիս միջազգային պրակտիկան, այնքան էլ լավ գաղափար չէ, դրանց վերահսկումը լուրջ ծախսեր եւ ռեսուրսներ կպահանջի:

Նախարարի խոսքով՝ հիմնադրամի կառավարումը կարող է իրականացվել ԱՆ-ից անկախ մարմնի կողմից, որը հաշվետու կլինի կառավարությանը: Պետք է նաեւ կառավարման խորհուրդ լինի, որը կներկայացնի պետության, հասարակության, մասնագիտական շրջանակների եւ այլ շահագրգիռ անձանց շահերը: