Մասնագետները բազմիցս հնչեցրել են կոչը՝ թույլ չտալ կողմնակի անձանց՝ համբուրել փոքրահասակ երեխաներին, քանի որ թույլ իմունային համակարգի պատճառով երեխան զգայուն է գործնականում ցանկացած վիրուսի հանդեպ: Քայլի Մարիտի պատմությունը, որի մեկ տարին նոր էր լրացել, ավելորդ անգամ հաստատում է սա:

The Daily Mail- ի փոխանցմամբ, բարեկամի համբույրից հետո, որը հերպեսի վիրուսակիր է եղել, երեխան չորս օր շարունակ ստիպված էր բառացիորեն պայքարել իր կյանքի համար` հիվանդանոցում բուժվելով: Ամեն ինչ սկսվել է կարմիր ցանից, որը ծածկել է երեխայի մարմինը: Փոքրիկ Քայլին ծանր ցավ է զգացել եւ բարձր լաց եղել: Անհանգստացած ծնողները միանգամից աղջկան տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկների ասելով, լուրջ խնդրի պատճառն այն էր, որ հիվանդ մարդը համբուրել է երեխայի շուրթերը: Թույլ իմունային համակարգի պատճառով երեխայի մոտ սկսել է հերպետիկ էկզեմա, որն ուղեկցվել է ցավոտ ցանով եւ բարձր ջերմությամբ: Բժիշկները զգուշացրել են, որ եթե չլիներ շտապ հոսպիտալացումը, հետեւանքները կարող էին առավել քան լուրջ լինել:

Քայլիի ծնողները նշում են, որ մինչեւ հիմա դեռ չեն հավատում, որ մի համբույրի պատճառով կարող էին կորցնել երեխային։