ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Հիվանդների վաղաժամ հայտնաբերման եւ համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել եւ շարունակվում են համալիր կանխարգելիչ եւ հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։
Բնակչության շրջանում, մասնավորապես` թիրախային տնտեսություններում վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլոր հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթեւ ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում եւ տրամադրվել անհրաժեշտ դեղորայք։
Բժշկական հսկողություն է սահմանվել նաեւ թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների ախտահանում:
Բնակչությանը տրամադրվել են «Ի՞նչ է բրուցելոզը եւ ինչպե՞ս պաշտպանվել դրանից վերտառությամբ հուշաթերթեր», փոխանցվել են բժշկահիգիենիկ գիտելիքներ, կատարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն:
ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավիճակը վերահսկելի է:
Աշխատանքները շարունակվում են։






