Մինչեւ 1992թ․ մարդիկ ավելի հաճախ հեպատիտ B-ով եւ C-ով վարակվում էին արյան փոխներարկման միջոցով։ Այսօր դոնորային արյունը մանրամասն ստուգվում է, ինչի արդյունքում փոխներարկման միջոցով որեւէ վարակ ձեռք բերելու հնարավորությունը ծայրահեղ փոքր է։ Ժամանակակից աշխարհում հեպատիտով վարակվելու վտանգի գործոնները սկսել են փոխվել, ինչպես վստահեցնում է Հեպատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։
Այսօր մարդիկ ավելի հաճախ հեպատիտներով վարակվում են ներարկումային թմրամիջոցների ոչ անվտանգ օգտագործման, ոչ անվտանգ բժշկական պրոցեդուրաների եւ առանց պաշտպանվելու սեքսի միջոցով։
Ինչպիսին է տարբեր հանգամանքներում հեպատիտով վարակվելու հավանականությունը։
Պարզվում է՝ մեկ անգամ չպաշտպանված սեռական ակտի դեպքում հեպատիտ С-ով վարակվելու հավանականությունը 3-10 տոկոս է, իսկ հեպատիտ В-ով՝ անհամեմատ բարձր՝ 50 տոկոս։ Թեեւ ռիսկերն ընդհանուր առմամբ բարձր չեն, շատերը հեպատիտ В-ով եւ С-ով վարակվում են հենց սեռական ճանապարհով։
Վարակված մորից երեխայինհեպատիտ С-ն անցնում է 3-5 տոկոս դեպքերում, իսկ հեպատիտ В-ն՝ 8 տոկոս։ Վարակվել հնարավոր է միայն ծննդաբերության ժամանակ՝ ծննդաբերական օրգաններով երեխայի անցնելու ժամանակ։
Գեղեցկության սրահում վարակվելու վտանգը բավական լուրջ է, եթե օրինակ մանիկյուրի կամ պեդիկյուրի գործիքները, որոնցից օգտվում է վարպետը, պատշաճ կերպով չեն ախտահանվել այն բանից հետո, երբ դրանք օգտագործել են հեպատիտ В-ով վարակված հաճախորդի համար, երկրորդ հաճախորդը համարյա հաստատ կվարակվի։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց մասնագետը, հեպատիտով պացիենտների մոտ 10 տոկոսը վարակվում է հենց գեղեցկության սրահներում։
Օդակաթիլային ճանապարհով (խոսելիս, փռշտալիս, թքի միջոցով եւ այլն), ձեռքսեղմման, գրկախառնման, ընդհանուր ամանեղենի օգտագործման, սննդի կամ ըմպելիքների միջոցով հեպատիտները չեն անցնում։ Վարակվելու համար անհրաժեշտ է շփվել վարակված արյան հետ, ընդ որում՝ հեպատիտ В-ով վարակվելու համար այդ վարակված արյունից ավելի քիչ է պետք, քան հեպատիտ С-ով վարակվելու համար։
Հեպատիտ B-ի վիրուսը շատ կենսունակ է համարվում՝ հեշտությամբ կարող է ապրել նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, իսկ վարակվելու համար բավական է աչքի համար անտեսանելի քանակությամբ արյուն։ Սենյակային ջերմաստիճանում հեպատիտ В-ի վիրուսը կարող է մինչեւ 3 ամիս ապրել, իսկ սառեցված վիճակում՝ մինչեւ 20 տարի։ Նույնիսկ եռացնելու դեպքում հեպատիտ В-ի վիրուսը կարող է մինչեւ 1 ժամ ապրել, քլորացման դեպքում այն մեռնում է երկու ժամից, եւ միայն 90 տոկոսանոց սպիրտը կարող է սպանել նրան 2 րոպեում։
Վերը նշված թվերից ելնելով՝ ցանկացած «ոչ անվտանգ» գործունեության դեպքում հեպատիտով վարակվելու հավանականությունը բարձր չի թվում։ Ընդ որում, ամեն տարի աշխարհում գրանցվում է հեպատիտի 1 մլն 750 000 նոր դեպք՝ ամեն 20 վայրկյանում մեկ մարդ վարակվում է հեպատիտով։






